Բաժիններ՝

«Մենք ուզում ենք անել անհնարինը, որովհետև անհնարինն է սրանից հետո մեզ համար հնարավոր դառնալու». Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Աշտարակի և Ապարանի բնակիչներին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Աշտարակ և Ապարան քաղաքների բնակչության հետ:

Իր ելույթում վարչապետի պաշտոնակատարը նշել է.

«Սիրելի ժողովուրդ,

Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ,

ողջունում եմ ձեզ: Սրանք զուտ խոսքեր չեն, որովհետև, այո՛, այս հեղափոխության ամենամեծ ձեռքբերումը մեր քաղաքական, քաղաքացիական և ազգային հպարտությունն է, որովհետև հպարտությունը, ինքնասիրությունը, ինքնությունն ամենակարևորն են, մնացած հարցերը տեխնիկական խնդիրներ են: Ի՞նչն է եղել մեր երկրի պրոբլեմը. մեր երկրում քաղաքացին իրեն տեր չի զգացել: Ի՞նչ է փոխվել մեր երկրում. քաղաքացին իրեն տեր է զգում: Եվ ես չգիտեմ` դեռ ի՞նչ հաջողություններ և անհաջողություններ կունենա մեր կառավարությունը, բայց գիտեմ մի բան, որ Հայաստանի ժողովուրդը, Հայաստանի քաղաքացին այդ հպարտությունը, այս հաղթանակն այլևս երբեք իր ձեռքից բաց չի թողնի:

Վարչապետները, կառավարությունները, Ազգային ժողովներն անցողիկ են, մնայունը քաղաքացին է, մնայունը դուք եք, մնայունը այս երեխաներն են: Եվ երբեք Հայաստանի քաղաքացին իր իրավունքը, իր արժանապատվությունը, իր ձայնը, իր հզորությունը ոչ ոքի չի զիջի, որովհետև Հայաստանի քաղաքացին պատասխանատու է ոչ թե կառավարության առաջ, Հայաստանի քաղաքացին պատասխանատու է ապագա սերունդների առաջ: Մենք կերտել և կերտում ենք մեր այսօրը, բայց մենք պետք է կերտենք նաև մեր երեխաների այսօրը, այսինքն՝ վաղվա օրը: Եվ մեր ամենամեծ խնդիրը մեր խեղճությունը, հուսահատության զգացումը ճեղքելն է: Մենք ճեղքել ենք այդ հուսահատության զգացումը, ժողովուրդը հաղթել է, ժողովուրդը քաղաքական առումով հաղթել է, բայց ժողովուրդը խնդիր ունի իրեն հաղթած զգալ նաև տնտեսական առումով: Մենք ասում ենք, որ քաղաքական այս հեղափոխությանը պետք է հաջորդի տնտեսական հեղափոխությունը: Մենք այս ընթացքում լցրել ենք մեր հոգիների, մեր գիտակցության փոսերը: Առաջիկայում մենք պետք է լցնենք մեր ճանապարհների փոսերը, մեր պատերի փոսերը, մեր երկիրը պետք է դարձնենք ծաղկուն:

Բայց ես էլի անընդհատ այդ նույն բանն եմ շեշտում և ուզում եմ, որ այս փուլում մենք այս արձանագրումը շատ պինդ և ամուր անենք, որովհետև ինչպես տեղի ունեցավ հեղափոխությունը. Ես, այդ թվում այս հարթակից 10 և ավելի տարիներ տարբեր առիթներով խոսելու, ելույթ ունենալու առիթ ունեցել եմ և միշտ ասել եմ ընդհանուր առմամբ նույն բանը՝ հեղափոխությունը տեղի կունենա այն ժամանակ, երբ մեզնից յուրաքանչյուրն ինչ-որ մի քայլ անի հանուն այդ հեղափոխության հաղթանակի: Հեղափոխությունը տեղի ունեցավ ոչ թե այն ժամանակ, որ ես կամ մեր քաղաքական թիմը ինչ-որ քայլ արեցինք, որովհետև մենք այդ ընթացքում անընդհատ էլ քայլեր անում էինք, ճիշտ է, գուցե մի քիչ ոչ այնքան ճշգրիտ, ընթացքում մենք էլ հղկվեցինք, բայց, ի վերջո, հեղափոխությունը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ ձեզնից յուրաքանչյուրն իր քայլն արեց: Հեղափոխությունը մենք չենք արել, հեղափոխությունը դուք եք արել: Սա մեր հաղթանակը չէ, սա ձեր հաղթանակն է: Մենք ընդամենը ուրախ ենք, որ կարողացել ենք, պատիվ ենք ունեցել ծառայել ձեր հաղթանակին, որովհետև ես միշտ իմ քաղաքական առաքելությունը համարել եմ ծառայելը և ասել եմ ու ասում եմ. մեր մեծագույն առաքելությունն է հող դառնալ մեր ժողովրդի ոտքերի տակ, որ նրանք ամուր կանգնեն մեզ վրա, ուղղեն իրենց մեջքը և պարզ ճակատով հպարտ քայլեն դեպի հզոր պետություն, դեպի երջանիկ անհատ:

Եվ ես եկել եմ ձեզ ասելու, որ այլևս չհավատաք նրանց, ովքեր փորձում են համոզել, որ մենք փոքր, խեղճ, անօգնական ժողովուրդ ենք: Մենք դեռևս փոքրաթիվ ժողովուրդ ենք, բայց մենք մեծ ժողովուրդ ենք: Մենք եղել ենք մեծ ժողովուրդ, կանք և լինելու ենք մեծ ժողովուրդ, որովհետև մեր հոգին հզոր է և անկոտրում, որովհետև անցել են Ցեղասպանության, կոտորածների, աղքատության, հետապնդումների միջով, մենք չենք կոտրվել և հաղթել ենք, մենք չենք կոտրվելու և հաղթելու ենք: Մենք մեծ ժողովուրդ ենք և մեզ մեծ ապագա է սպասվում, որովհետև մենք այսօրը կարողացել ենք դարձնել մեծ, մենք կարողացել ենք այնպես անել, որ այսօր աշխարհի ցանկացած անկյունում Հայաստան ասելիս հասկանում են հզոր, հպարտ ժողովուրդ, որ առանց մի զոհի կարողացել է անել մի բան, որ ուրիշ երկրներում անցել է տասնյակ հազարավոր զոհերով, իրար կոտորելով:

Վերջին անգամ այս խոսքերը ես ասել եմ հեղափոխության օրերին, բայց հիմա առաջիկայում ավելի հաճախ պիտի ասեմ այդ խոսքերը: Շատ երկար ժամանակ Հայաստանում քննարկվում էր այն, որ ժողովուրդը չի հավատում ոչ մի քաղաքական գործչի, չի հավատում ոչ մի քաղաքական ուժի: Ես միշտ ասել եմ և հիմա էլ ասում եմ. պետք չէ, որ դուք հավատաք մեզ, մեր խնդիրը չէ, որ դուք հավատաք մեզ, մեր խնդիրն է, որ դուք հավատաք ձեզ, հավատաք ձեր ուժին, հավատաք ձեր տաղանդին, հավատաք աշխատասիրությանը, հավատաք հզորությանը, որովհետև դուք հզոր եք, Հայաստանի քաղաքացու վիզը պետք է ծուռ չլինի: Մենք հավատում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը լինելու է ամենաբարեկեցիկ և հզոր երկրներից մեկն աշխարհում, բայց դա լինելու է ոչ թե այն պատճառով, որ ինչ-որ տեղից ինչ-որ հարուստ մարդիկ այսպես աջուձախ, կներեք այս բառիս համար, շաբաշ են բաժանելու, այլ դա լինելու է այն պատճառով, որ մենք ստեղծելու ենք անհրաժեշտ պայմաններ, որ Հայաստանի ամեն քաղաքացի ի վիճակի լինի իր արդար քրտինքով, իր արդար աշխատանքով իր հացը բարեկեցությունը, հարստությունը վաստակել:

Մենք ասում ենք, որ Հայաստանն այլևս աղքատության երկիր չէ, Հայաստանի Հանրապետությունը հարստության երկիր է: Մենք հնարավորություն ենք ստեղծելու, որ Հայաստանի քաղաքացին հարստանա և հարստացնի, աշխատի և իր աշխատանքով ստեղծի այն արդյունքը, այն երկիրը, այն եկամուտը, որ մեզ անհրաժեշտ է մեր ազգային երազանքներն իրականացնելու համար:

Մենք փոքրաթիվ ենք, բայց մենք այլևս չենք քչանալու, մենք շատանալու ենք: Մենք այլևս չենք ասելու՝ մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում, մենք ասելու ենք ՝ մենք շատ ենք և մեզ հայ են ասում, մենք հզոր ենք և մեզ հայ են ասում, մենք հաղթող ենք և մեզ հայ են ասում: Հայի անունը, Հայաստանի անունը ամեն օրվա, ամեն շաբաթվա, ամեն ամսվա ու ամեն տարվա հետ ավելի ու ավելի բարձր է հնչելու ողջ աշխարհում, որովետև մենք Նարեկացու ժողովուրդն ենք, Մարշալ Բաղրամյանի, Տիգրան Մեծի, Հովհաննես Թումանյանի ժողովուրդն ենք: Մենք մի ժողովուրդ ենք, որ հոգնել ենք կորցնելուց. հոգնել ենք հայրենիք կորցնելուց, երկիր կորցնելուց, իրար կորցնելուց, իրար սերը և հարգանքը կորցնելուց: Մենք այլևս ձեռք ենք բերելու և ունենալու ենք նոր նվաճումներ, և դրա համար ընդամենը հարկավոր է մի բան, որ դուք, ձեզնից յուրաքանչյուրը գիտակցեք ձեր ուժը, գիտակցեք ձեր հզորությունը, գիտակցեք ձեր մեծությունը, որովետև տեսեք ինչ արեցիք դուք: Դուք արեցիք մի բան, որ աշխարհի բոլոր վերլուծական կենտրոնները համարում էին անհնար. ասում էին՝ Հայաստանում իշխանափոխություն չի կարող տեղի ունենալ: Եկեք խոստովանենք՝ ձեզնից շատերն էին այդպես մտածում, ասում էին, որ չի կարող լինել: Եվ մեր դերը եղել է ընդամենը մի բանում. մենք օգնել ենք ձեզ, որ դուք հասկանաք, թե ինչքան հզոր եք: Եվ ես ձեզ սիրում եմ ձեր հզորության համար, ես հավատում եմ ձեզ և խոնարհվում եմ ձեր հզորության առաջ:

Եվ ուրեմն՝ կեցցե՛ ազատությունը, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛նք մենք և մեր երեխաները, որ ապրում ենք և ապրելու ենք ազատ և երջանիկ Հայաստանում: Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ, խոնարհվում եմ բոլորիդ առաջ»:

Ապարանցիների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը վերհիշել է այն օրը, երբ Ապարանով անցնելիս հանդիպել է նրանց. «Ես հիշում եմ, թե մենք ինչ խոսեցինք և պայմանավորվեցինք, որ հաղթելու ենք: Մենք միասին հաղթեցինք: Գիտեք, կապ չունի՝ քանի ամիս է անցել ապրիլ-մայիսից: Ամեն անգամ առիթ կա ձեզ շնորհավորելու, որովհետև շատերին թվում է, թե հաղթանակն այն էր, որ երկրում կառավարություն կամ վարչապետ փոխվեց: Հաղթանակը դա չէր, այլ այն, որ դուք որոշեցիք, որ այդ փոփոխությունը պետք է տեղի ունենա, և ով պետք է լինի վարչապետ: Հեղափոխության առանցքային իմաստը դա էր, որ դուք որոշեցիք, և սրանից հետո միայն դուք եք որոշելու: Կառավարությունները փոխվելու են, վարչապետները փոխվելու են, Ազգային ժողովները փոխվելու են, չի փոխվելու մի բան՝ սրանից հետո դուք եք լինելու որոշողը, թե ով լինի վարչապետ, ով լինի Ազգային ժողովի պատգամավոր: Սա է հեղափոխությունը, սա է ձեր հաղթանակը, և ձեր հաղթանակն անշրջելի է»:

Անդրադառնալով դեկտեմբերին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ վարչապետի պաշտոնակատարը նշել է. «Հայաստանի բոլոր քաղաքացիներին, բոլոր ընտրողներին ցանկանում եմ մի բան ասել. ոչ մեկին թույլ չտաք, որ ձեզ ասեն, թե դուք ում ընտրեք, ոչ մեկին իրավունք չտաք՝ կլինի գործատու, ղեկավար, ով ուզում է լինի, որովհետև դուք ինքներդ պետք է որոշեք, թե ում ընտրեք: Հետևեք քաղաքական պրոցեսներին, քարոզարշավին, ասելիքին, ձեզ, մեր երկրին և դուք ինքներդ որոշում կայացրեք: Մեր երկրի բոլոր դժբախտություններն սկսել են նրանից, որ մեր ժողովրդին ազատ ընտրության հնարավորություն չի տրվել: Մենք ասում ենք, որ ընտրակաշառք բաժանողի ձեռքը, բառի փոխաբերական իմաստով, կկտրենք: Որևէ մեկը չփորձի Հայաստանի քաղաքացուն նվաստացնել 5, 10 կամ 20, թեկուզ 100 հազար դրամ, թեկուզ 1000 դոլար առաջարկելով, որովհետև Հայաստանի քաղաքացու ձայնը գին չունի: Դա բացարձակ արժեք է, և թույլ չտաք, որ որևէ մեկը ձեզ ասի, թե ում ընտրեք. ինքներդ որոշեք, որովհետև ում ընտրեք՝ նա կընտրվի: Հայաստանում այլևս չի լինելու այնպես, որ դուք մեկին ընտրեք, ընտրվի ուրիշը: Դրա երաշխավորը ոչ միայն ես եմ, ոչ միայն մենք ենք, այլև դուք եք առաջին հերթին, որովհետև առաջին հերթին դուք եք երկրի հետագա ճակատագրի կրողները»:

Խոսելով հեղափոխության հետագա քայլերի մասին՝ Նիկոլ Փաշինյանն ասել է «Հայաստանի քաղաքացին ինքնիշխան է, իշխանության կրողն է, և դուք եք ձևավորելու: Ես ասել եմ՝ ինչո՞ւ եմ ես Հայաստանի Հանրապետության վարչապետ, որովհետև դուք այդպես եք որոշել, որ պահին դուք կորոշեք, որ ես չպետք է լինեմ Հայաստանի վարչապետ, ես չեմ լինի Հայաստանի վարչապետ: Ես ասում եմ բացառված է՝ մեզ մոտ երբեք իշխանություն պահել հասկացություն չկա, որովհետև իշխանությունը մերը չի, որ մենք պահենք կամ չպահենք: Իշխանությունը ձերն է, և դուք պետք է պահեք ձեր իշխանությունը: Եվ դա լինելու է հեղափոխության հաջորդ կարևոր փուլը: Ամեն քաղաքացու ձայնը սրբազան է, որովհետև ամեն քաղաքացին իր ձայնով որոշում է կայացնում երկրի հետագայի համար»:

Վարչապետի պաշտոնակատարը նշել է, որ Հայաստանն այլևս չպետք է լինի աղքատության երկիր, և կառավարության դերակատարությունն է հնարավորություն ստեղծել, որ մարդիկ աշխատեն և արդար քրտինքով վաստակեն իրենց հացը: «Ինչպես արել ենք քաղաքական հեղափոխություն, այդպես էլ պետք է անենք տնտեսական հեղափոխություն՝ յուրաքանչյուր քաղաքացուն հնարավորություն տալով աշխատել, արդյունք ստեղծել, իր ընտանիքի բարեկեցությունը վաստակել:

Մենք հերոսների, հաղթանակների ժողովուրդ ենք, և այն ժամանակ, երբ թվում էր, թե հուսահատությունը հաղթել է վերջնականորեն, քաղաքացին հաղթեց վերջնականորեն: Եվ սա մեր ժողովրդի պատմության մեջ առաջին անգամ չէ: Երբ Բաշ-Ապարանի և Սարդարապատի ճակատամարտերը տեղի ունեցան, որևէ բանական մարդ չէր կարող ասել, թե այդ ճակատամարտերում մեր ժողովուրդը հաղթելու հնարավորություն ունի, որովհետև բոլոր չափանիշներով մենք պետք է պարտվեինք այնպես, ինչպես պիտի պարտվեինք ապրիլ-մայիսին: Աշխարհի բոլոր վերլուծական կենտրոններն ասում էին, որ հնարավոր չէ, այնտեղ չի կարող ժողովուրդը հաղթել: Բայց մենք հաղթեցինք, որովհետև հնարավորն անելը մեզ այլևս հետաքրքիր չէ: Մենք ուզում ենք անել անհնարինը, որովհետև անհնարինն է սրանից հետո մեզ համար հնարավոր դառնալու: Սա է մեր պատմական և քաղաքական առաքելությունը: Եվ մենք, այո՛, մի ժողովուրդ ենք, որ սրանից հետո մեզ չի հետաքրքրելու հեշտ նպատակներ դնել և այդ նպատակներին հեշտությամբ հասնել: Մենք մեր առաջ դնելու ենք մեծ նպատակներ, դժվար նպատակներ և հասնելու ենք այդ նպատակներին, որովհետև մենք հզոր, հաղթանակած, ազատ և երջանիկ ժողովուրդ ենք, մենք խեղճ ժողովուրդ չենք, մենք փոքր ժողովուրդ չենք: Մենք արել ենք ամենադժվարը՝ մենք հաղթել ենք մեր խեղճությանը, մենք հաղթել ենք մեր հուսահատությանը, մենք հաղթել ենք մեր դժբախտությանը: Ուրեմն մենք այլևս անպարտ ենք և որևէ մեկը մեզ չի կարող հաղթել ներսում, թե դրսում»,- իր ելույթում ասել է Նիկոլ Փաշինյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս