«Ընդամենն ընկալման հարց է տիկին Մկրտչյանի կողմից». Լենա Նազարյանը՝ Նարինե Մկրտչյանի հրապարակման մասին
«Գիտեք, մենք հանդիպել ենք շատ բարյացակամ միջավայրում, զրուցել ենք հարյուրավոր մարդկանց հետ, որոնք մեր ցուցակով պատգամավորության թեկնածու լինելու ցանկություն են հայտնել, կամ մենք ենք ցանկացել նրանց հետ հանդիպել: Բոլոր հանդիպումները տեղի են ունեցել շատ լավ միջավայրում, քաղաքավարի զրուցել ենք բոլորի հետ, ստացել ենք պատասխանները և բարեկամաբար հրաժեշտ ենք տվել: Ընդամենը ընկալման հարց է տիկին Մկրտչյանի կողմից»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը՝ անդրադառնալով Երևանի մամուլի ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանի հրապարակմանը, որ իրեն հրավիրել են ՔՊ և հավատաքննության ենթարկել:
Ըստ նրա՝ հավատաքննության փորձություն չի եղել, իրենց հետաքրքրել է Ն.Մկրտչյանի վերաբերմունքը՝ իմանալով նրա բացասական տրամադրվածությունը ԵԱՏՄ-ին:
Լ.Նազարյանը նշեց, թե չգիտի ինչպես է Ն.Մկրտչյանը ստացել հրհավեր:
Նա հերքեց, թե ՔՊ-ում այլակարծությունը չի ընդունվում:
Ն.Մկրտչյանի կողմից իր ֆեյսբուքյան գրառման քննադատության մասին Լ.Նազարյանը նշեց, որ քննադատություն չի եղել. «Բացարձակ, ոչ թե քննադատություն է եղել, այլ եղել է անձնական վիրավորանք, որին ես չեմ էլ արձագանքել: Եվ դա ըստ էության կարևոր էլ չի եղել: Պարզապես եղել է ԵԱՏՄ-ի կոնտեքստում, և դա է եղել պատճառը, որ ես հետաքրքրվել եմ՝ արդյոք եթե այդպիսի վառ արտահայտված բացասական վերաբերմունք կա, դա չի՞ խանգարի նրան լինել մի քաղաքական թիմում, որը շարունակում է նույն արտաքին քաղաքականությունը, որը եղել է»:
Լ.Նազարյանը նկատեց, որ էթիկապես ճիշտ չէ բացահայտել Ն.Մկրտչյանի պատասխանը այնպես, ինչպես ճիշտ չէր խոսակցության բովանդակության բացահայտումը Մկրտչյանի կողմից: