«Դա շատ վտանգավոր է». Մանվել Սարգսյան
Դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ՀԱՊԿ գագաթաժողովում Հայաստանի թեկնածուն, ամենայն հավանականությամբ, չի ընտրվի կազմակերպության գլխավոր քարտուղար: Նման տեսակետ 168.am-ի հետ զրույցում հայտնեց Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Մանվել Սարգսյանը:
Ըստ նրա՝ Երևանը կօգտվի վետոյի իր իրավունքից, և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար չի դառնա նաև Բելառուսի ներկայացուցիչը: Մոսկվան, Մ.Սարգսյանի կարծիքով, այս հարցում դեմ չի գնա Երևանին:
«Մոսկվային լիովին ձեռնտու է նման իրավիճակը»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ այդ դեպքում կազմակերպության գլխավոր քարտուղարի պարտականությունները կշարունակի կատարել Ռուսաստանի ներկայացուցիչը՝ գլխավոր քարտուղարի ներկայիս տեղակալ Վ.Սեմերիկովը:
Մ.Սարգսյանի կարծիքով՝ Հայաստանի այս կոշտ դիրքորոշումը ոչ թե քանդում է տարիներով ստեղծվածը, այլ բարձրացնելու է ՀՀ-ի գինը և ուժեղացնելու է տարածաշրջանում դերակատարությունը:
Մ.Սարգսյանը դրական գնահատեց Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ պարզաբանումներ է պահանջելու Բելառուսի և Ղազախստանի նախագահներից:
Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղարի արձագանքը, թե ՀՀ վարչապետի պաշտոնակատարն իրեն միջազգային դատախազի տեղ է դրել, որը պատժելու կամ ներելու լիազորություն ունի և, միգուցե, դա ընդունելի էր ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, ՀՀ քաղաքացի Յուրի Խաչատուրովի դեպքում, սակայն միջպետական հարաբերություններում կան արարողակարգի և էտիկետի բավական հստակ նորմեր, իսկ Փաշինյանը դեռ չի հասկացել, որ, այսպես կոչված՝ փողոցային ժողովրդավարության կանոնները մեծ քաղաքականության մեջ ընդունելի չեն, Մ.Սարգսյանը լուրջ չի ընդունում:
Ըստ նրա՝ Բելառուսին լուրջ չեն ընդունում, լուրջն այն է միայն, որ Ադրբեջանին է զինում.
«Երբ Ալիևն ասում է՝ գնալու եմ Երևանը վերցնեմ, Բելառուսը կես բերան ասել է, որ դա փողոցային զրույցներ են: Հիմա երկիր է, ստացել է մռութին, փորձում է ինչ-որ կերպ արդարանալ: Ուրիշ ոչինչ: Իրականում փողոցային երկիրն իրենք են: Եթե ինչ-որ բան էլ իրենց դուր չի եկել, պետք է իրենց գործողություններով ցույց տային, որ գոյություն ունի միջազգային նորմեր և այլն: Բայց իրենք ցույց են տալիս, որ նման բաներ չեն հասկանում»:
Ըստ նրա՝ Հայաստանի պատասխանն այն պետք է լինի, որ խնդիրները հստակ ձևակերպի, հստակ դիրքորոշում ունենա և իր իրավունքները պաշտպանի՝ հիմնված ազգային շահի և ուժերի բալանսի վրա. «Հարթակ է, եթե մտել եք այդ հարթակ, պետք է սովորել այդտեղ բաց ու հստակ աշխատել: Պարզ է՝ տարբեր պետություններ են, տարբեր շահեր: Ի վերջո, քաղաքականություն պետք է լինի»:
Թե ինչո՞ւ է Բելառուսն ակնհայտ ադրբեջանամետ քաղաքականություն վարում, դա ի՞նչ կախվածություն է Բաքվից, Մ.Սարգսյանը նշեց, որ Լուկաշենկոն կախվածություն չունի, պարզապես իր շահերից ելնելով է նման քաղաքականություն որդեգրել:
Ըստ նրա՝ Բելառուսի և Ղազախստանի ցանկությունը հայտնի է՝ ՀԱՊԿ-ում ներառել իրենց դաշնակիցներ Ադրբեջանին և Պակիստանին, որի համար հարկավոր է փոխել կառույցի կանոնադրությունը:
«Իսկ դա շատ վտանգավոր է»,- ասաց Մ.Սարգսյանը: