«Փաշինյանը դեռևս, ըստ էության, կառավարական համակարգի որևէ ռեֆորմ չի արել». Էդմոն Մարուքյան
Հայաստանում արտակարգ նախընտրական իրավիճակ է, երբ ընտրություններին մասնակցող կուսակցություններն ու դաշինքները նախապատրաստվում են դեկտեմբերի 9-ին գրավել ոչ թե քաղաքական բարձունքը և կազմել իշխանություն, այլ կռիվ են տալիս ընդամենը երկրորդ տեղի կամ ընդդիմադիր լինելու համար: Այդ դերին հավակնում է նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, որի ղեկավար Էդմոն Մարուքյանն ավելի վաղ հայտարարել էր, թե պատրաստ են լինել ընդդիմություն, իսկ օրեր առաջ հորդորել էր չշահարկել իշխանություն-ընդդիմություն բառերը, քանի որ դա կորոշվի ընտրություններից հետո: «Մենք գնում ենք մեր բաժին պատասխանատվությունը ստանձնելու համար, որի չափը կորոշի ժողովուրդը»,- ասել էր նա:
Էդմոն Մարուքյանից հետաքրքրվեցինք, թե այդ դեպքում ո՞րն է իր և Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ուժերի գաղափարական տարբերությունը, որոնք երկուսն էլ մինչև հեղափոխությունը «Ելք» դաշինքի մաս էին:
– Պարոն Մարուքյան, ՀՀ քաղաքացիներն ինչո՞ւ պետք է ընտրեն ձեզ, և ոչ թե՝ Փաշինյանին:
– Իսկ ո՞վ է ասում, որ Փաշինյանին չպետք է ընտրեն: Քաղաքացիները, ովքեր ուզում են ընտրել Փաշինյանին, կընտրեն Փաշինյանին, ովքեր ցանկանում են խորհրդարանում տեսնել Մարուքյանին, Թանդիլյանին և պրոֆեսիոնալ թիմի մյուս ներկայացուցիչներին, կընտրեն «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը: Հետևաբար՝ մեր էլեկտորատներն այս առումով տարբեր են, և այդտեղ հակադրություն պետք չի փնտրել: Այսինքն՝ յուրաքանչյուր թիմ, կուսակցություն ունի իր ձայնը:
– Գաղափարական ի՞նչ տարբերություններ ունեք:
– Մենք լիբերալ-ազատական ուժ ենք, մենք եվրոպական մոդելի պետության ջատագով ենք, ծրագիրը կներկայացնենք, կտեսնեք մեր տարբերությունները: Եվ ընդհանրապես, մեզ պետք է ընտրեն նաև նրա համար, որովհետև մենք անցած իշխանության ո՛չ մաս ենք կազմել, ո՛չ պատասխանատվություն ենք կրել երկրում 20 տարի եղած արհավիրքների համար, ավելին՝ դրա դեմ հետևողական կերպով պայքարել ենք՝ սկսած Վանաձորում տեղի ունեցած ընտրություններով Հանրապետականին մարտահրավեր նետելը և դա հետևողական տանելը, որը քաղաքական համակարգում լուրջ էրոզիաներ առաջացրեց, և կուսակցությունը լուրջ ներդրում է ունեցել նաև ապագա քաղաքական պրոցեսների համատեքստում՝ իր գործընկերների հետ նախաձեռնելով և հիմնադրելով «Ելք» դաշինքը, որի գործունեության արդյունք է նաև հեղափոխությունը, այսօրվա փոփոխությունները:
Հետևաբար՝ որևէ մեկը չի կարող կասկածի տակ դնել «Լուսավոր Հայաստան» կուսակցության անցած ճանապարհը, և, լինելով մաքուր ճանապարհ անցած ուժ, վստահ եմ, որ մենք որևէ խնդիր չունենք խորհրդարանում հայտնվելու, ուղղակի պետք է պայքարել ավելի շատ պատասխանատվություն, ավելի մեծ թիմով խորհրդարան գալու համար, որպեսզի կարողանանք մեր ծրագրերը լոբբինգ անել և իրականացնել:
– Կոնկրետ օրինակներ կարո՞ղ եք նշել:
– Տնտեսության վերաբերյալ մեր մոտեցումներն ավելի ազատական են, քան մյուսների, պետական կառավարման համակարգի ռեֆորմի վերաբերյալ մեր մոտեցումները շատ ազատական են, քան այսօր եղածը:
– Փաշինյանն այս ընթացքում ի՞նչ է արել, որ դուք այլ կերպ կանեիք:
– Փաշինյանը դեռևս, ըստ էության, կառավարական համակարգի որևէ ռեֆորմ չի արել, որովհետև ճգնաժամային կառավարություն է ղեկավարում: Նա պետք է անի այդ ռեֆորմները, երբ կգա, այսինքն՝ այդ ռեֆորմների մասին խոսելու ենք քարոզարշավի ժամանակ, թե ով ինչ է անելու: Բայց ես մերը գիտեմ և գիտեմ, որ մեր մոտեցումները տարբերվելու են բոլորի մոտեցումներից: Այսինքն՝ քարոզարշավի ժամանակ ցցուն կերպով կերևա, թե ինչ տարբերություններ կան: Ես կարծում եմ՝ քաղաքացիների մոտ այդ հարցն անգամ չի առաջանա: Մարզային այցերի, իմ շփումների ընթացքում ես նման հարցի չեմ հանդիպել, թե ինչ տարբերություն կա, կամ ինչու պետք է ձեզ ընտրենք: Եթե տարբերություն չլինի, մեր կուսակցությունից մարդիկ չեն գնա ուրիշ ուժեր: Ուրեմն՝ մենք տարբեր ենք:
– Գնացել են այն ուժ, որի իշխանություն դառնալու հավանականությունն առավել մեծ է համարվում:
– Առավել ևս:
– Արտաքին քաղաքականության հետ կապված ի՞նչ կարող եք ասել:
– «Ելքում» ունեցած մեր կոնսենսուսը մենք պահելու ենք և շարունակելու ենք եվրոպական մոդելի պետության ջատագովը լինել, և Հայաստանն այնպիսի մոդելի երկիր դարձնել, որտեղ կա փոխզսպումների, հակակշիռների համակարգ, արդար դատարան՝ որպես իշխանության ճյուղ, դրան գումարած այնպիսի ինստիտուտներ, որոնք մարդկային գործոնը հնարավորինս նվազեցնում են, օրինակ՝ ինչպես եվրոպական երկրներում: Այսինքն՝ անձի փոփոխությամբ ոչինչ չի փոխվի, որովհետև համակարգերը կաշխատեն, իսկ Հայաստանում հիմա ամեն մարդու փոփոխությունից համակարգ է փլուզվում:
– Բայց Փաշինյանն էլ, կարծես, նույնն է ասում:
– Նման բան չկա: «Ելքի» ժամանակ մենք ենք դա ասել, դա մեր ծրագրի դրույթն է, որ մտել է «Ելքի» ծրագրի մեջ, իսկ թե ինչ են ասում մեր գործընկերները, իրենք կհրապարակեն: «Ելքի» ժամանակ էլ «Ելքին» էին ասում, թե մյուսները նույնն են ասում, ինչ դուք: Չկա նման բան: Տարբերությունները, բնականաբար, ծրագրում հստակ կերևան: