Դատարանը վերականգնել է CNN հեռուստաընկերության լրագրող Ջիմ Ակոստայի Սպիտակ տան անցագիրը
Վաշինգտոնի շրջանային դատարանը կարգադրել է Սպիտակ տանը ժամանակավոր վերականգնել CNN հեռուստաընկերության լրագրող Ջիմ Ակոստայի անցագիրը: Այս մասին հայտնում է ռուսական ՏԱՍՍ-ը:
Այդպիսով, դատարանը բավարարել է հեռուստաընկերության միջնորդությունը: Նշենք, որ CNN-ը դիմել է դատարանին նաև հարցով, թե որքանով է սահմանադրական ԱՄՆ նախագահի մամուլի ծառայության որոշումը՝ հեռուստաընկերության լրագրողին զրկելու մշտական անցագրից:
Նոյեմբերի 6-ին ԱՄՆ Սպիտակ տանը նախագահ Դոնալդ Թրամփի մամուլի ասուլիսի ժամանակ երկրի ղեկավարին հարց ուղղեց CNN-ի լրագրող Ջիմ Ակոստան: Նախագահը, ով հայտնի է CNN-ի հանդեպ իր քննադատական դիրքորոշմամբ, պահանջեց, որ լրագրողը նստի՝ հրաժարվելով պատասխանել հարցին: Մամուլի ասուլիսի ղեկավարի օգնականներից մեկը մոտեցել և փորձել էր վերցնել բարձրախոսը Ակոստայի ձեռքից: Արդյունքում, լրագրողն ի վերջո ստիպված էր եղել ենթարկվել Սպիտակ տան աշխատակիցներին: