Բաժիններ՝

Յագլանդը մտահոգիչ է համարում Թուրքիայում ակադեմիկոսների ձերբակալման փաստը

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը մտահոգություն է հայտնել Թուրքիայում ակադեմիկոսների նոր ձերբակալությունների փաստի առնչությամբ: Այս մասին Յագլանդն ասել է Euronews-ին տված հարցազրույցում:

«Մի խումբ ակադեմիկոսների, այդ թվում և Հաքան Ալթընքայայի ձերբակալման փաստը խիստ մտահոգիչ է: Այս հրատապ հարցն անհապաղ թուրքական կառավարության օրակարգ եմ տանելու»,- ասել է Յագլանդը:

Խնդրի առնչությամբ մտահոգություն է հայտնել Եվրահանձնաժողովի՝ Թուրքիայի հարցերով զեկուցող Քեթի Փիրին՝ նշելով, որ կատարված ձերբակալություններն անխիղճ հարձակումներ են երկրի քաղաքացիական հասարակության վրա:

Նոյեմբերի 16-ին Թուրքիայում ձերբակալվել են «Անադոլու Քյուլթյուր» կազմակերպության մի խումբ աշխատակիցներ ու ակադեմիկոսներ: 2017 թվականին ձերբակալվել էր կազմակերպության ղեկավար, իրավապաշտպան Օսման Քավալան, ով հայտնի է իր հայամետ դիրքորոշմամբ ու բազմիցս հանդես է եկել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման օգտին: Նա մեղադրվում է 2016թ․ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձին աջակցելու մեջ։

Թուրքիայի ոստիկանության տարածած պարզաբանման մեջ նշվել է, թե նոր ձերբակալվածներն աջակցել են 2013 թվականի Գեզիի դեպքերին, «որոնք միտված են եղել երկրում քաոսի առաջացմանը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս