«Հայաստանը սրանով իր քաղաքական լուրջ ներդրումն է անում տարածաշրջանում». Հակոբ Արշակյան
«Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի ծրագրի հետ կապված լուրջ վերանայումներ են արվել: ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ պետք է հիմնական շեշտադրումներն անել հարավային հատվածում:
«Իհարկե, ամբողջական է մեզ համար «Հյուսիս-Հարավը», այն պետք է միջպետական և տրանզիտ ուղղությամբ ճանապարհ լինի»,- ասաց Հ.Արշակյանը:
Ըստ նրա՝ հարավում լուրջ ենթակառուցվածքների՝ թունելների, կամուրջների ստեղծումն, էական ազդեցություն կունենա տնտեսական առումով, և հնարավորություն կլինի հարավային ուղղությամբ միանալ Իրանին ու չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» (One belt, one road) ծրագրին.
«Հայաստանը սրանով իր քաղաքական լուրջ ներդրումն է անում տարածաշրջանում, քանի որ «Հյուսիս-Հարավ» միջանցքը, այսպես թե այնպես, շատ անհրաժեշտ է չինական կողմին: Ընդհանրապես՝ հիմա ՄԱԿ-ը նույնպես սկսել է ուշադրություն դարձնել այդ մասով: Եվ մենք սրանով կարողանում ենք լրջագույն ինտեգրացիա ապահովել ռեգիոնում՝ ոչ միայն ճանապարհային, այլև կապի այլ ենթակառուցվածքներով, որը ոչ պակաս կարևոր է»:
Թե ե՞րբ կավարտվի «Հյուսիս-Հարավը», Արշակյանը նշեց, որ դա կախված է նախագիծը մինչև վերջ ֆինանսավորելու մեր հնարավորությունից. «Այն գնահատականները, որ մինչև հիմա հնչել են, իրական պատկերը ցույց չեն տալիս՝ և՛ ժամանակային, և՛ ֆինանսական առումով: Բայց պարտադիր պետք է ֆինանսավորենք և ավարտենք, որովհետև դա Հայաստանի տրանսպորտային զարկերակը պետք է դառնա»: