
Կառավարության նիստերն անցկացվելու են դռնբաց

Այսօր կառավարության նիստում հավանություն տրվեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծին:
ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը ներկայացրեց, որ կառավարության գործունեության հրապարակայնությունն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված, ի տարբերություն գործող կարգավորումների, օրինագծով սահմանվում է, որ կառավարության նիստերը դռնբաց են՝ զուգահեռաբար ամրագրելով, որ վարչապետի որոշմամբ նիստն ամբողջությամբ կամ դրա մի մասը կարող է անցկացվել դռնփակ:
«Այսպիսով՝ մենք լուծում ենք ևս մեկ՝ ժամանակին աղմուկ հարուցած հարց: Հիշում եք, որ օրենքով հիմա նախատեսված է, որ սովորաբար կառավարության նիստերը լինում են դռնփակ, և դռնբաց նիստերը հատուկ որոշում են պահանջում: Հիմա անում ենք հակառակը՝ նիստերը անում ենք դռնբաց և, բնականաբար, կլինեն դռնփակ նիստերի անհրաժեշտություն, այդ պարագայում որոշում կկայացնենք դռնփակ նիստերի վերաբերյալ»,- հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: