Բաժիններ՝

«Ենթադրենք 2 տղամարդ կամ 2 կին գնում են ԶԱԳՍ ու ասում են՝ մենք ուզում ենք ամուսնանալ. Կա՞ արդյոք որևէ օրենսդրական հնարավորություն, որ նրանց ամուսնությունը կգրանցվի». Նիկոլ Փաշինյան

Այսօր կառավարության նիստում բացասական եզրակացություն տրվեց ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկվում է լրացում կատարել Ընտանեկան օրենսգրքում և ամուսնությունների կնքմանն արգելք հանդիսացող հանգամանքների մեջ ավելացնել նույն սեռի անձանց միջեւ ամուսնությունների կնքման արգելքը:

«Ենթադրենք երկու տղամարդ կամ երկու կին գնում են ԶԱԳՍ ու ասում են՝ մենք ուզում ենք ամուսնանալ: Կա՞ արդյոք որևէ օրենսդրական հնարավորություն, որ նրանց ամուսնությունը կգրանցվի»,- հետաքրքրվեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Արսեն Մանուկյանը պատասխանեց, որ ոչ, Սահմանադրությամբ հստակ սահմանվում է, որ ամուսնությունը կնոջ և տղամարդու միջև իրենց կամքի ազատ արտահայտությամբ միասնությունն է և Ընտանեկան օրենսգրքով այդ հարցը կարգավորվում է, մասնավորապես՝ 11 հոդվածով արգելվում է ամուսնություն կնքել՝

ա) այն անձանց միջև, որոնցից թեկուզև մեկը գտնվում է օրենքով սահմանված կարգով գրանցված մեկ այլ ամուսնության մեջ.

բ) մերձավոր ազգականների (ուղիղ վերընթաց ու վայրընթաց ազգականների՝ ծնողների ու զավակների, պապի, տատի ու թոռների, ինչպես նաև հարազատ և համահայր կամ համամայր եղբայրների ու քույրերի, մորաքրոջ, հորաքրոջ, հորեղբոր և մորեղբոր զավակների) միջև.

գ) որդեգրողների և որդեգրվածների միջև.

դ) այն անձանց միջև, որոնցից թեկուզև մեկին դատարանը ճանաչել է անգործունակ.

ե) նույն սեռի անձանց միջև:

«Այսինքն՝ այս օրենքի ընդունումը կամ չընդունումը մեր իրականության մեջ որևէ բան չի՞ փոխում»,- հարցադրում արեց Փաշինյանը և փոխնախարարից ստացավ հաստատական պատասխան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս