«Այս նշաձողը պետք է բարձրացնել». Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ արտահերթ ընտրությունների մասին

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում նախքան օրակարգին անցնելը մի քանի արձանագրում արեց: Նա նշեց, որ լիովին անցում է կատարվել նախընտրական փուլին:

«Ավարտվել է արտահերթ խորհրդարանական ընտրություններին հայտ ներկայացնելու ժամկետը և, ըստ էության, ընտրությունների անցկացման քաղաքական պատասխանատվությունը կրում է մեր կառավարությունը: Ընդունված է ասել, որ մենք խնդիր ենք դրել երրորդ հանրապետության պատմության ամենաորակյալ և լավագույն ընտրություններն անցկացնել:

Ես կարծում եմ, որ այս նշաձողը պետք է բարձրացնել. ոչ թե երրորդ հանրապետության պատմության լավագույն ընտրությունը պետք է անցկացնենք, այլ պետք է անցկացնենք ընտրություն միջազգային բարձր չափանիշներին համապատասխան»,- ասաց Ն.Փաշինյանը:

Ըստ նրա՝ պետք է բացառել վարչական ռեսուրսի կիրառումը, մասնավորապես՝ նախկինից հայտնի մի շարք երևույթներ, օրինակ՝ հանրակրթական ոլորտը ներքաշվում էր այս գործընթացների մեջ, պետք է բացառել և արմատախիլ անել այն երևույթը, երբ վարչական կամ սուբորդինացիոն լծակներն օգտագործվում են ընտրողին ուղղորդելու:

Նա նշեց, որ ընտրություններում միշտ եղել է «ասողների» ինստիտուտը, որոնք ասել են, թե ում ընտրել, դա պետք է բացառել և ընտրողների որոշումները պետք է ձևավորվեն քարոզչական բովանդակության արդյունքում:

Ն.Փաշինյանը նշեց, որ ընտրողը պետք է ներգրավվի քարոզչությանը, քաղաքական բովանդակության մասնակից դառնա և որոշի, թե ում օգտին է ուզում քվեարկել:

Նրա խոսքով՝ պետք է բացառել անգամ մեկ քվեաթերթիկի սխալ տրցակում տեղադրելը, անգամ նույն կուսակցության ներսում:

«Մենք շատ հստակ և խիստ ուղերձ պետք է ուղղենք, որ նման փորձ կատարող ցանկացած մեկին անպայմանորեն կհակազդի օրենքը՝ իր ողջ ուժով»,- ասաց Ն.Փաշինյանը:

Նա նշեց, որ նախորդ պրակտիկան է ընտրակաշառքը, և հույս հայտնեց, որ ոստիկանությունն ու ԱԱԾ-ն պատրաստ են կանխել այդ երևույթը.

«Ամենակոշտ հակազդեցությանը կարժանանա ընտրողի կամքի վրա փողով, նյութական այլ միջոցներով ազդելու որևէ փորձ»:

Նա վստահեցրեց, որ կապահովեն քաղաքական ուժերի միջև հավասար մրցակցությունը, դահլիճները պետք է հասանելի լինեն բոլոր քաղաքական ուժերի համար, և բոլորը պետք է հնարավորություն ունենան ընտրողների հետ երկխոսելու:

Հաջորդ խնդիրը, ըստ վարչապետի պաշտոնակատարի, ընտրացուցակների հարցն է, որի պատասխանատվությունը ոստիկանությունն է կրում, և պետք է բացառել ընտրողների միգրացիան մի ընտրատեղամասից մյուսը:

«Այնպես որ, իսկապես մենք պետք է անցկացնենք բարձր որակի ընտրություններ»,- ասաց Ն.Փաշինյանը:

Տեսանյութեր

Լրահոս