Պաշտպանն ուշադրության կենտրոնում է պահում խաղաղ հավաքների ժամանակ մարդկանց իրավունքների երաշխավորման հարցը
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Խաղաղ հավաքների և միավորումների ազատության իրավունքների հարցերով հատուկ զեկուցող Կլեմեն Վուլեյին։
Ինչպես տեղեկացրին ՄԻՊ գրասենյակից, Արման Թաթոյանը տեղեկացրել է, որ այս տարի ապրիլ ամսին Երևան քաղաքում հավաքներ նախաձեռնելու օրվանից Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն աշխատել է շուրջօրյա ռեժիմով։ Այդ օրերին թեժ գծին ստացվել է հավաքների մասնակիցների իրավունքներին առնչվող շուրջ 500 ահազանգ: Իրականացվել է նաև ԶԼՄ-ների հրապարակումների ու սոցիալական ցանցերի շուրջօրյա դիտարկում, ինչպես նաև քաղաքացիների իրավունքների երաշխավորման նպատակով Ոստիկանության բաժիններում Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել բերման ենթարկված շուրջ 1000 անձի հետ:
Մարդու իրավունքների պաշտպանը շեշտել է, որ մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահում խաղաղ հավաքների ժամանակ մարդկանց իրավունքների երաշխավորման հարցը։
ՄԱԿ-ի Խաղաղ հավաքների և միավորումների ազատության իրավունքների հարցերով հատուկ զեկուցողը կարևորել է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի դերը երկրում խաղաղ հավաքների և միավորումների ազատության իրավունքի երաշխավորման հարցում։