Բաժիններ՝

Ի՞նչ ճակատագիր են ունեցել 2017-ին Գագիկ Ծառուկյանին ուղղված ընտրողների դիմումները

2017 թ-ի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում քաղաքացիները «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին բազմաթիվ դիմում-նամակներ էին փոխանցում՝ աջակցություն խնդրելով իրենց տարատեսակ խնդիրների լուծման հարցում: Այդ աջակցությունը հիմնականում ֆինանսական բնույթի էր:

Այսօր ԱԺ-ում «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ ճակատագիր են ունեցել այդ դիմումները:

«Բոլոր նամակները, ինչպես կարգն է, փոխանցվում են «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամ, և ես հիմնադրամի աշխատանքներին մանրամասներով տեղյակ չեմ, որովհետև դա իմ գործառույթը չէ, բայց ես վստահ եմ, որ հիմնադրամը բոլոր նամակներին պարտաճանաչ կերպով արձագանքում է»,- ասաց Ն.Զոհրաբյանը:

Ըստ նրա հիմնադրամն օրական ստանում է հազարից ավելի նամակ և դրանց գերակշիռ մեծամասնությունը ֆինանսական և սոցիալական օգնության խնդրանք է:

Մեր հարցին՝ դա պարտավորեցնո՞ւմ է քաղաքացիներին ընտրությունների ժամանակ իրենց ձայնը Ծառուկյանին տալ, Ն.Զոհրաբյանը պատասխանեց. «Ես կարծում եմ՝ ոչ, որովհետև բոլոր ընտրությունները ցույց են տվել, որ մեր քաղաքացին երբևէ նման խնդրով կաշկանդված չի եղել»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս