«Բոլոր տեղամասերը հատ-հատ բացել եմ տալու. շատ խիստ է լինելու պատիժը». Նաիրա Զոհրաբյանը զգուշացնում է
«Ռեյտինգային ընտրացուցակները, այդուհանդերձ, որոշակիորեն ապաքաղաքականացնելու են ընտրությունները։ Ինչքան էլ ասենք, խոսենք և վստահ լինենք, որ չի լինելու վարչական ռեսուրսի կիրառում, ընտրակաշառք, միևնույն է, անպայմանորեն աշխատելու է տեղի թաղային հարաբերությունների սինդրոմը»,- այսօր խորհրդարանում այս մասին հայտարարեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Զոհրաբյանն ասաց, որ ԱԺ ամբիոնից ուզում է թարմացնել բոլոր այն գործիչների հիշողությունը, որոնք կփորձեն նոր խաղի պայմաններում առաջնորդվել հին մեթոդներով, օգտագործելով իրենց տեղային ազդեցությունը՝ այս կամ այն կերպ ազդել ընտրական պրոցեսի վրա։
«Հիշեք, թող ձեր աչքի առջև գա Քրեական օրենսգիրքը։ Ես՝ որպես պատգամավորի թեկնածու, որն առաջիկայում առաջադրվելու է թիվ 12 ընտրատարածքում, որը ներառում է Սյունիքի և Վայոց Ձորի մարզերը, բարեկամաբար զգուշացնում եմ բոլոր նրանց, ովքեր կփորձեն, օրինակ՝ քվեաթերթիկների հաշվման ժամանակ, օգտվելով նրանից, որ, ասենք՝ հեռավոր մի գյուղում հանձնաժողովի անդամներն իրենց ընտանիքի անդամներն են, վերցնել որևէ թեկնածուի քվեաթերթիկ և դնել մեկ այլ թեկնածուի վրա, հիշել ՔՕ-ն։ Բոլոր տեղամասերը հատ-հատ բացել եմ տալու։ Հուսով եմ՝ նոր խաղի պայմանները բոլորի համար ընդունելի կլինի, որևէ մեկը չի փորձի հին մեթոդներով առաջնորդվել»,- ասաց նա՝ ընդգծելով՝ շատ խիստ է լինելու պատիժը։
«Այս անգամ էապես տարբերվելու է նախորդ բոլոր անգամներից»,- ասաց նա։