«500 մլն դրամ հատկացվելու է առաջնագծում զինվորական ծառայություն անցնող զինծառայողների պարգևատրմանը». Կորյուն Նահապետյան

Այսօր խորհրդարանում 2019թ. բյուջեի քննարկման ժամանակ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանից հետաքրքրվեց պայմանագրային զինծառայողների աշխատավարձերի բարձրացման, սահմանների պաշտպանությանը սահմանամերձ համայնքների բնակիչների ներգրավման մասին։

«Պաշտպանության նախարարի հետ մենք համակողմանիորեն քննարկել ենք ԶՈՒ համալրման, զինվորական ծառայության կազմակերպման խնդիրները, այդ թվում՝ այս բյուջետային քննարկումների շրջանակում։ Հնչել են հարցադրումներ՝ պրոֆեսիոնալ բանակի հետ կապված, և պետք է նկատեմ, որ առաջիկա տարվա համար նախատեսվում է պաշտպանական ռազմավարության վերանայում, նոր փաստաթղթերի մշակում, այդ փաստաթղթերի շրջանակում՝ նաև ռազմական նոր դոկտրին։ Ենթադրում եմ, որ այդ շրջանակներում անդրադարձ կլինի նաև ձեր բարձրացրած խնդիրներին»,- ի պատասխան՝ ասաց Նահապետյանը։

Ինչ վերաբերում է զինվորական ծառայության կազմակերպմանը, նա նշեց, որ տարբեր մոտեցումներ են քննարկել, այդ թվում նաև՝ խրամատային ծառայության կազմակերպումից անցում կատարել ծառայության այլ տեսակների. «Բայց բնական է, որ այսօր դեռ վաղ է առանց համակողմանի քննարկումների՝ դրանց մասին խոսել։ Սահմանամերձ համայնքներում կան որոշակի առանձնահատկություններ, և այստեղ կարելի է անդրադառնալ ծառայության իրականացման առանձնահատուկ իրավիճակներին, որտեղ սահմանամերձ համայնքների բնակիչները կարող են ունենալ մասնակցության որոշակի դրսևորումներ, բայց այս փուլում դեռևս վաղ եմ համարում անդրադառնալ այդ խնդրին»։

Պայմանագրային զինծառայողների աշխատավարձերի ավելացման վերաբերյալ էլ հետևյալն ասաց. «2019թ. բյուջեի նախագծով կա աշխատավարձերի ավելացման համար հատկացված 370 մլն դրամ, իսկ ՊՆ արտաբյուջետային միջոցներից 500 մլն դրամ հատկացվելու է առաջնագծում զինվորական ծառայություն անցնող զինծառայողների պարգևատրմանը»։

Տեսանյութեր

Լրահոս