«Հայաստանի բնակչության թիվն առաջիկա տարիներին կրկնապատկելը մեր կուսակցության ծրագրային դրույթներից է». Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում 2019թ. բյուջեի քննարկման ժամանակ հայտարարեց, թե Հայաստանում անշարժ գույքի շուկայում գների աճը պայմանավորում է նաև հայրենադարձության ակտիվացման գործոնով:

«Եթե տեսնեք՝ ինչ է տեղի ունենում անշարժ գույքի շուկայում, կտեսնեք, որ հայրենադարձությունը խթանվում է ամեն օր: Մեր երկրում անշարժ գույքի գներն աճում են, և դա նաև այն պատճառով, որ բազմաթիվ մեր հայրենակիցներ, ովքեր ապրում են արտերկրում, այս օրերին գալիս են և Հայաստանում անշարժ գույք են ձեռք բերում: Գալիս են ու ներդրումներ են անում: Այդ ամեն ինչը լինելու է ներգաղթի շատ կարևոր պատճառ»,- ասաց նա՝ արձագանքելով դաշնակցական պատգամավոր Ռուզան Առաքելյանի՝ հայրենադարձության խթանման մասին դիտարկումներին:

Փաշինյանը հստակեցրեց, որ Հայաստանի բնակչության թիվն առաջիկա տարիներին կրկնապատկելն իրենց կուսակցության ծրագրային դրույթներից է, հետևաբար՝ այդ քաղաքականությունն իրենց համար գաղափարական նշանակություն ունի. «Բայց մենք հայրենադարձությունը չենք պատկերացնում տեխնիկական գործողությունների արդյունքում, դա պետք է լինի երկրի բովանդակային բարեփոխումների արդյունք: Ներգաղթի կոնցեպտը հետևյալն է՝ Հայաստանը պետք է դառնա լավագույն տեղն ապրելու համար»։

Տեսանյութեր

Լրահոս