«Դուք ընտրվեցիք վարչապետ, բայց ներդրումները դեռ հեռախոսազանգերի ու խոստումների մակարդակում են». Արմինե Կյուրեղյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Այսօր խորհրդարանում 2019 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե որքա՞ն միջոցներ են հատկացվել կառավարության կողմից առաջնահերթություն համարվող ոլորտներին՝ ՏՏ ոլորտին, գյուղատնտեսությանը և զբոսաշրջությանը:

«Այս նախագծում որևէ կերպ չի նկատվում այդ կարևորումը: Ի՞նչ միջոցներ են նախատեսվել բյուջեում այս ոլորտների զարգացման համար, թե՞ հույսներս պետք է դնենք միայն ենթադրյալ ներդրումների վրա»,- հետաքրքրվեց պատգամավորը և հիշեցրեց այս տարվա մայիսի 8-ի Նիկոլ Փաշինյանի ելույթը, որտեղ նա ասել էր, թե դրսից ստանում է տասնյակ-հազարավոր զանգեր, որ մարդիկ պատրաստ են ներդրումներ անել Հայաստանում, եթե ինքն ընտրվի վարչապետ։

«Դուք ընտրվեցիք վարչապետ, բայց ներդրումները դեռ հեռախոսազանգերի ու խոստումների մակարդակում են: Հիմա խոստումների հիման վրա՞ եք ուզում զարգացնել Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտը, գյուղատնտեսությունն ու զբոսաշրջությունը»,- ասաց Կյուրեղյանը։

Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ, եթե աշխատող մարդը պլանավորում է 5 օրով մեկնել Հայաստան, դա իրենից պահանջում է մի քանի ամիս.

«Հիմա ներդրումները ճամպրուկների մեջ կամ անկողնու տակ դրած փո՞ղ է, որ հենց զանգեց, ասեց՝ շատ լավ, ինձ էլ ընտրեցիք վարչապետ, ճամպրուկը վերցրեց ու եկավ Հայաստան: Ձեր կուսակցությունը ներկայացնող տնտեսական զարգացումների ու ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հայտարարել է, որ ներդրումային հազարավոր ծրագրեր ներկայացվել են ներդրողների կողմից, և դրանք քննարկման ընթացքում են։ Օրինակ, ՏՏ ոլորտում 13 տոկոս եկամտահարկի նվազեցում ենք նախատեսում»։

Արմինե Կյուրեղյանը նշեց, որ ներգաղթի, անշարժ գույքի ձեռքբերման մասին է խոսվում, բայց ինքը դա չի տեսնում։ Փաշինյանն էլ պատասխանեց, թե վերջերս Լիբանանում էր, որտեղ տասնյակ հայրենակիցներ ասել են, թե պատրաստ են վերադառնալ.

«Լիբանանի հայ համայնքի բնակիչները նույնիսկ մտահոգություն էին հայտնում, թե այդ ներգաղթը կարող է մեծ ծավալների հասնել, ինչը երկարաժամկետ առումով կարող է սպառնալիք լինել Լիբանանի հայ համայնքի համար։ Ռուսաստանում էլ բազմաթիվ հայրենակիցներ ասել են, որ պատրաստ են տեղափոխվել Հայաստան։ Բոլոր համայնքներում նման միտումներ կան։ Ես չեմ ասում, թե Հայաստանի բոլոր բնակավայրերում տեղի է ունենում զանգվածային ներգաղթ, ես ասում եմ՝ կա դինամիկա, անշարժ գույքի գներն աճում են»։

 

Տեսանյութեր

Լրահոս