«Մեղադրանքների տեղիք տվեց, որ վարչապետը գյուղացուն խորհուրդ է տալիս ոչխար պահել. բա ի՞նչ աներ վարչապետը». Նիկոլ Փաշինյան
«Առաջնային հարկ վճարողների թիվն այսօր 350 հազար է, և մեր խնդիրն է՝ վարել այնպիսի քաղաքականություն, որ նրանց թիվը կրկնապատկվի, եռապատկվի, քառապատկվի։ Ունենք այնպիսի իրավիճակ, որ այդ 350 հազար մարդիկ՝ որպես հարկ վճարողներ, իրենց ուսերին են կրում ողջ պետական համակարգի, անվտանգության, ճանապարհների որակի, կրթության, պետական կառավարման ֆինանսավորման պատասխանատվությունը»,- այսօր խորհրդարանում 2019թ. բյուջեի քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
Նա ընդգծեց՝ կառավարության պարտականությունն է՝ վարել այնպիսի քաղաքականություն, որ քաղաքացին հավատա իր ուժերին, հավատա, որ կարող է լինել առավել արդյունավետ.
«Ինձ համար առավել զարմանալի մեղադրանքը, որ ոմանք փորձում են հնչեցնել կառավարության հասցեին, այն է, որ մենք այսպիսով պաշտպանում ենք օլիգարխիայի կամ խոշոր բիզնեսի շահերը։ Սա ուղղակի ծիծաղելի մեղադրանք է։ Այս մեղադրանքը հնչել է այն ժամանակ, երբ մարզերից մեկում քաղաքացիների հետ շփման ժամանակ ասացի, որ ճանապարհներից մեկը ոչխար պահելն է։ Սա հետաքրքիր մեղադրանքների տեղիք տվեց, որ վարչապետը գյուղացուն խորհուրդ է տալիս ոչխար պահել։ Բա ի՞նչ աներ վարչապետը, ասեր՝ գնա՝ ձեր մարզի դեպուտատի դեմը վիզդ ծուռ կանգնի, դուրս կգա, մի օր 5 հազար դրամ կտա, մի օր հազար դրամ կտա, սա կլինի ճիշտ մոտեցում։
Սա այն է, ինչ արվել է երկար ժամանակ։ ՀՀ քաղաքացին, որը հեղափոխություն է արել, այդպես վիզը ծուռ որևէ տեղ կանգնել չի կարող, պետք է արդյունք ստեղծելու, իր և իր երկրի բարեկեցությունն ապահովելու հնարավորություն ունենա»։