«Մենք մեր ժողովրդին ոչ մի բանի մեջ չենք մեղադրում, մենք մեղադրում ենք նախորդ քաղաքական համակարգին». Նիկոլ Փաշինյան
«Մենք մեր ժողովրդին ոչ մի բանի մեջ չենք մեղադրում, մենք մեղադրում ենք նախորդ քաղաքական համակարգին, որ նրանք աշխատանքը խրախուսելու փոխարեն՝ խրախուսել են աղքատությունը»,- այսօր խորհրդարանում 2019թ. բյուջեի քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ նախորդ իշխանությունները քաղաքացիներին համոզել են, որ ավելի լավ է՝ չաշխատեն և աղքատության նպաստ ստանան.
«Մեր քաղաքականությունն ուղղվելու է ոչ թե աշխատունակ մարդուն նպաստ տալուն՝ պայմանով, որ, եթե նա աշխատի, այդ նպաստից զրկվելու է, մենք ավելի թիրախային ենք այդ աջակցությունը տրամադրելու, օրինակ՝ երեխային։ Այսինքն՝ ոչ թե նպաստառուն պետք է լինի երեխայի հայրը, որն աշխատելու պարագայում կզրկվի այդ նպաստից, այլ շահառուն պետք է լինի երեխան, որն օբյեկտիվորեն ունի սոցիալական աջակցության կարիք։ Մենք ասում ենք, որ այս օգնությունը պետք է տանք անաշխատունակ մարդուն, թոշակառուին, երեխային, որպեսզի իսկապես օգնենք այդ ընտանիքին, ոչ թե դատապարտենք մշտական աղքատության»։
Փաշինյանն ասաց, որ աշխատանքը խրախուսելու քաղաքականությանը զուգահեռ՝ կառավարությունը նաև լրջագույն սոցիալական ծրագրեր է իրականացնելու. «Մենք բյուջետային որոշումների արդյունքում կհասնենք մի վիճակի, երբ հանրապետությունում 85 հազար նպաստառու և թոշակառու, ում նպաստն ու թոշակը գտնվում են պարենային գծից ներքև, այդ քաղաքացիները 2019թ. կստանան այնքան թոշակ, որ մենք համոզված լինենք, որ նրանք առնվազն իրենց ուտելիքը գնելու հնարավորություն կունենան»։
2019թ., ըստ նրա՝ կբարձրանան պոլիկլինիկաների 14 հազար աշխատողների աշխատավարձերը. «Մենք հավասարակշռված առաջ ենք գնում՝ աշխատանքը խրախուսելու և սոցիալական ապահովության որոշակի երաշխիքներ ստեղծելու ճանապարհով»։