ՀՀԿ-ն միշտ էլ պատրաստ է բանավեճի. Ռուբեն Թադևոսյան
«Կարծում եմ՝ ՀՀԿ-ն միշտ էլ պատրաստ է բանավեճի, ուղղակի պետք է ճշտել և՛ թեման, և՛ այլ հարցեր։ ՀՀԿ-ն միշտ էլ առողջ քննարկումների, երկխոսության կողմնակից է»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ, ԳՄ անդամ Ռուբեն Թադևոսյանը՝ պատասխանելով հարցին, թե ՀՀԿ-ն պատրա՞ստ բանավիճի։
Առաջիկա ընտրությունների քարոզարշավի ընթացքում բանավեճի կարևորությանը, հիշեցնենք, անդրադարձել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
«Կարծում եմ՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններում պետք է հիմք դրվի մի կարևոր ավանդույթի, որը հետագայում պետք է ամրագրվի նաև օրենսդրությամբ։ Բանավեճ ուղիղ եթերում՝ ընտրություններին մասնակցող բոլոր ուժերի առաջին դեմքերի մասնակցությամբ»,- ֆեյսբուքյան էջում գրել է Փաշինյանը։
Ռ.Թադևոսյանը հերքեց մամուլում հայտված տեղեկությունները, որ այսօր տեղի է ունենալու ՀՀԿ ԳՄ նիստ։
Ռ.Թադևոսյանը հերքեց նաև, որ վաղը՝ նոյեմբերի 11-ին ՀՀԿ-ն համաժողով է անցկացնելու.
«Լինելու է կուսակցության խորհրդի նիստ, որի օրակարգում են նաև ընտրական գործընթացները»։
Դիտարկմանը, որ դատելով կուսակցականների մինչ այս արած հայտարարություններից, ՀՀԿ-ն մասնակցելո՞ւ է ընտրություններին, Ռ.Թադևոսյանը պատասխանեց. «Վաղը կուսակցության խորհրդում կորոշվի նաև այդ հարցը»։