Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության նորանշանակ դեսպանին
Նոյեմբերի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ուլրիկ Թիդեստրոմին:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշանակման առիթով շնորհավորեց պարոն Ուլրիկ Թիդեստրոմին՝ բերելով իր բարեմաղթանքները:
Վեհափառ Հայրապետն ուրախությամբ արձանագրեց, որ երկու երկրների միջև փոխհարաբերությունները նոր ընթացք և զարգացում են ստանում: Այդ առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսը հույս հայտնեց, որ Շվեդիայի հայ համայնքն ամուր կամուրջ կհանդիսանա երկու ժողովուրդների կապերի առավել խորացման և ամրապնդման գործում:
Գարեգին Բ Կաթողիկոսն իր գնահատանքն արտահայտեց Շվեդիայի իշխանություններին հայ համայնքի հանդեպ ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի համար, ի մասնավորի Մերձավոր Արևելքից այդ երկիր ապաստան գտած հայորդիների հանդեպ:
Շվեդիայի դեսպանը նույնպես հաստատեց, որ իր կառավարությունն օգնություն է ցուցաբերում երկրում ապաստանած տարբեր համայնքների ներկայացուցիչներին, այդ թվում նաև հայերին: Դեսպան Ուլրիկ Թիդեստրոմը նաև հետաքրքրվեց տարբեր ոլորտներում Հայ Եկեղեցու գործունեությամբ:
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսն արդյունավոր առաքելություն մաղթեց դեսպանին՝ ի զորացումն հայ-շվեդական կապերի:
Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը: