«Այս հակամարտությունն ավելի երկար է տևելու, քան կորեական ճգնաժամը». Սուրեն Սարգսյան
«Թրամփի վարչակազմը, ի տարբերություն նախորդների՝ ամենաիսրայելամետն է. Իրանի հետ հարաբերությունները պայմանավորված են նաև այս հանգամանքով»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց միջազգայնագետ, ամերիկագետ Սուրեն Սարգսյանը։
Իրանի դեմ սահմանված պատժամիջոցներից մի մասի ճարտարապետը, ըստ Սարգսյանի՝ Թրամփի խորհրդական Բոլթոնն է։ Ինչ վերաբերում է Իրանի հետ ՀՀ հարաբերություններին, ապա միջազգայնագետն ասաց, որ Միացյալ Նահանգներում կա ընկալում, որ մենք ունենք բարդ աշխարհագրություն. «Բայց այդ նախադասությունն ասելուց հետո պարբերաբար պնդում են, որ՝ դուք էլ մեզ պետք է հասկանաք, որ մենք ճզմելու ենք Իրանին այնքան, որքան հնարավոր է։ Փակ հանդիպման ժամանակ Բոլթոնն անընդհատ «ճզմել» բառն էր կիրառում»։
Նա նկատեց՝ դեմոկրատներն ատամներով փորձում էին Իրանի հետ հարաբերությունները պահպանել, և, եթե Ներկայացուցիչների պալատում նրանք մեծամասնություն դառնան, միգուցե ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության վրա որոշակի ճնշում օրենսդիր մարմնի կողմից լինի. «Բայց սրան հակառակ՝ Սենատում լուրջ շանսեր ունեն հանրապետականները, և մեծամասնություն կազմելու հնարավորություն Թրամփի թիմն ունի։ Օրինակ՝ ՌԴ-ի դեմ պատժամիջոցներ չկիրառելու Թրամփի նախաձեռնությանն օրենսդիրն օրենքով պատասխանեց, և նախագահին արգելվեց չեղարկել ՌԴ-ի դեմ պատժամիջոցները։ Այնպես որ, եթե Կոնգրեսն ուզենա, կարող է սահմանափակել նախագահի այս գործիքակազմի կիրառումը»։
Իսրայելաիրանական հակամարտությունը, ըստ նրա՝ ուղղակիորեն արտացոլվել է Վաշինգտոն-Թեհրան հարաբերություններում. «Կարծում եմ՝ այս հակամարտությունն ավելի երկար է տևելու, քան կորեական ճգնաժամը։ Իրանը Կորեա չէ, և շատ ավելի բարդ է լինելու»։