«Հայաստանում ադրբեջանցի ռազմագերի չկա, իսկ զորամասի ղեկավարը կազատվի». Դավիթ Տոնոյան

Հայաստանում ադրբեջանցի ռազմագերի չկա, իսկ Արցախում դատապարտվածները դատապարտվել են հանցագործության համար և ոչ մի ձևով չեն կարող դիտարկվել որպես ռազմագերիներ: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը՝ արձագանքելով գերիներին փոխանակելու մասին՝ Բաքվի առաջարկին:

Նա նշեց, որ գերիների փոխանակման հանձնաժողովը վերականգնվելու է, անցումային շրջանում ղեկավարելու է պաշտպանության նախարարը:

Ըստ նրա՝ օպերատիվ կապը գործում է, և խախտումների ժամանակ տեղեկացվում է մյուս կողմին:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է փոխանակել երկու կողմում պահվող գերիներին ու ձերբակալվածներին՝ «բոլորին՝ բոլորի հետ» սկզբունքով, «Ինտերֆաքս-Ադրբեջանին» այդ մասին ասել է աղբյուրը։ «Հայկական կողմին պաշտոնական առաջարկություն է արվել փոխանակել երկու կողմում պահվող անձանց «բոլորին՝ բոլորի հետ» սկզբունքով, բայց Երևանից դեռևս չեն արձագանքել դրան»,- ասել է գործակալության զրուցակիցը։ «Ինտերֆաքս-Ադրբեջանը» նշում է, որ Ադրբեջանում պահվում է ՀՀ 3 քաղաքացի՝ Արսեն Բաղդասարյանը, Կարեն Ղազարյանը և Զավեն Կարապետյանը։ Հայկական կողմում պահվում են ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովը և Շահբազ Գուլիևը, ովքեր 2014թ. հուլիսին ԼՂՀ պետական սահմանն ապօրինի հատելու, լրտեսության, ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք կրելու, մարդուն բացահայտ առևանգելու և սպանության համար նույն տարվա դեկտեմբերի 29-ին ԼՂՀ Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից դատապարտվել են, համապատասխանաբար՝ ցմահ և 22 տարվա ազատազրկման: «Ինտերֆաքս-Ադրբեջանը» նշում է, որ հայկական կողմում է Ադրբեջանի ևս մեկ քաղաքացի՝ Էլնուր  Հուսեյնզադեն։

Անդրադառնալով այսօր տեղի ունեցած ինքնավնասման դեպքին՝ նախարարի պաշտոնակատարը ցավակցություն հայտնեց ծնողներին և նշեց, որ իրականացվում է ծառայողական քննություն: Հարցին՝ այդ զորամասի ղեկավարը կազատվի՞, Տոնոյանը դրական պատասխան տվեց:

Տեսանյութեր

Լրահոս