Բաժիններ՝

Կառավարությունն էլեկտրամոբիլների ներմուծումն ԱԱՀ-ից ազատելու մեխանիզմ է առաջարկում

Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է ավելացված արժեքի հարկից ազատել էլեկտրական շարժիչով ավտոմեքենաների ներմուծումը, եթե դրանք ներմուծման հաջորդող օրվանից մեկ տարվա ընթացքում չեն արտահանվի, այդ թվում՝ ԵԱՏՄ անդամ երկրներ:

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը տեղադրված է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ e-draft.am կայքում:

Օրենքը, ընդունվելու դեպքում, ուժի մեջ կմտնի 2019 թվականի հուլիսի 1-ից և կգործի մինչև 2030 թվականի դեկտեմբերի 31-ը:

Օրենք ի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է օդի աղտոտվածության նվազեցմանն ուղղված էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների կիրառումը խթանելու հետ։ Աշխարհում էլեկտրամոբիլների օգտագործումն արագ տեմպերով ավելանում է՝ պայմանավորված ինչպես դրանց բազմազանության ավելացմամբ, այնպես էլ տարատեսակ պետական արտոնությունների և էկոլոգիական համեմատական անվտանգության հետ։

«Հայաստանում հիբրիդային և էլեկտրականությամբ սնուցվող շարժիչներով աշխատող ավտոտրանսպորտային միջոցների համար բնապահպանական հարկի գծով սահմանված է արտոնություն։ ՀՀ հարկային օրենսգրքի 172-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ հիբրիդային և էլեկտրականությամբ սնուցվող շարժիչներով աշխատող ավտոտրանսպորտային միջոցների համար բնապահպանական հարկ վճարողները, այդ ավտոտրանսպորտային միջոցների մասով, ազատվում են մթնոլորտային օդ վնասակար նյութեր արտանետելու համար բնապահպանական հարկից։ Իսկ Երևան քաղաքի ավագանու 2017 թվականի փետրվարի 14-ի N675-Ն որոշմամբ՝ որպես վառելիք բացառապես էլեկտրաէներգիա օգտագործող և բացառապես էլեկտրական շարժիչով աշխատող ավտոտրանսպորտային միջոցի սեփականատերերին տրամադրվել է արտոնություն՝ ազատելով ավտոկայանատեղի համար սահմանված տեղական վճարից։ Մինչդեռ նշված արտոնությունները գործնականում չեն խրախուսում էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների կիրառումը ՀՀ-ում։

ԱԱՀ-ի գծով արտոնությունները կիրառվում են մի շարք եվրոպական երկրներում։ Մի քանի երկրներում դա խթանման միակ մեթոդն է, կամ կիրառվում է ձեռքբերման սուբսիդավորման հետ զուգահեռ։ ԱԱՀ արտոնության տրամադրումն ամենաարդյունավետն է, հաշվի առնելով, որ նման արտոնություն կիրառող երկրները առաջատարներն են էլեկտրամոբիլների տեսակարար կշռով»,- ասված է նախագծի հիմնավորման մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս