«Ադրբեջանական լոբբին սկսել է ակտիվ աշխատել ԱՄՆ-ում. Բոլթոնի հայտարարությունը դրանով եմ պայմանավորում». Սուրեն Սարգսյան

Միջազգայնագետ, ամերիկագետ Սուրեն Սարգսյանն այսօր «Օղակնե՞ր, թե՞ փրկօղակներ Հարավային Կովկասի համար. նոր մարտահրավերներին ընդառաջ» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց, որ ԱՄՆ-ի իշխանությունների կողմից երբևէ Հայաստանի առջև Իրանի հետ չհարաբերվելու հարց չի դրվել.

«Միակ դեպքը այն էր, որ 90-ականների կեսերին առաջարկել են «Ազատություն» ռադիոկայանը Հայաստանի տարածքից սփռել Իրան՝ պարսկերել լեզվով, բայց այդ առաջարկությունը, բարեբախտաբար, մերժվել է»։

Սարգսյանի խոսքով՝ ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ Իրանը Հայաստանին չեն կանգնեցնի ընտրության  առջև. «Նույնիսկ եթե կանգնեցնեն, ԱՄՆ-ի համար ակնհայտ է, որ Հայաստանը հօգուտ Իրանի է կողմնորոշվելու, որովհետև չես կարող ունենալ 4 հարևաններից 3-ի հետ փակ սահման։ Վաշինգտոնում տեսակետ կա, որ Հայաստանի հետ կապված հարցերը կարող են պայմանավորվել ՌԴ-ի հետ։ Նաև ընկալում կա, որ հայ-ռուսական հարաբերությունները այլընտրանք չունեն։ Մենք պետք է մանևրելու ունակություններ ունենանք»։

Ինչ վերաբերում է Բոլթոնի այցին, ամերիկագետը նկատեց՝ Բոլթոնը չթաքցրեց, որ ՀՀ-ն ամենաքիչ հետաքրքրող պետությունն է տարածաշրջանում ԱՄՆ-ի համար։

Սարգսյանն ասաց, որ ադրբեջանական լոբբին սկսել է ակտիվ աշխատել ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում և լուրջ ձեռքբերումներ ունեն. «Բոլթոնի կողմից հնչեցված 907 բանաձևի կասեցումը հենց պայմանավորում եմ ադրբեջանական լոբբինգի լավ արդյունքի հետ։ ԱՄՆ կառավարությունն այս ճանապարհով գնալու է, որովհետև սա դիտվում է որպես բիզնես։ Այդ զենքը մեզ համար բավականին թանկ է, իսկ Ադրբեջանը կարող է ձեռք բերել»։

ԱՄՆ-ի հակառուսական պատժամիջոցների վերջին փաթեթն, ըստ միջազգայնագետի՝ հենց Բոլթոնն է նախատեսել, ԱՄՆ  նախագահն էլ վավերացրել է դրանք. մի քանի օրից այդ պատժամիջոցնմերն ուժի մեջ կմտնեն։

«Այդ պատժամիջոցներն ուղղակիորեն հարվածում են Հայաստանի տնտեսությանը, չնայած՝ ՀՀ իշխանությունները փորձում են ներկայացնել, որ դրանք ազդեցություն չեն ունենա»։

Ամերիկագետը կարևորեց այն փաստը, որ 2-3 օրից ԱՄՆ օրենսդիր մարմնի մի հատվածը պետք է փոխվի և չի բացառվում, որ դեմոկրատները կարող են մեծամասնություն վերցնել.

«Դա նշանակում է, որ կոնգրեսն ավելի լուրջ ազդեցություն կունենա արտաքին քաղաքական որոշումների վրա։ Հայկական լոբբիստական ընկերությունների հիմնական աշխատանքը հենց օրենսդիրի հետ է։ Մենք լուրջ լոբբիստական աշխատանք անելու կարիք ունենք, որովհետև այն ինչ անում ենք, արդեն սպառել է իրեն, պետք է նոր օրակարգ ձևավորել հայ-ամերիկյան հարաբերություններում։

Լոբբիստների համար պետք է նոր օրակարգային առաջնահերթություններ մշակել, որ կարողանան պաշտպանել նաև ՀՀ շահերը։ Թեպետ չեմ թերագնահատում նրանց աշխատանքը. Այս պահին ԱՄՆ-ը միակ պետությունն է, որ չճանաչելով Արցախին՝ նրան ուղղակի օգնություն է տրամադրում»։

Տեսանյութեր

Լրահոս