«Սիլվա Համբարձումյանի հայտարարությունը ստոր սուտ է»․ Արմեն Գևորգյան. News.am
Գործարար Սիլվա Համբարձումյանն այսօր հայտարարել է, թե ժամանակին կաշառք է տվել մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաների՝ Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, Արմեն Գևորգյանին։
NEWS.am-ի հետ զրույցում Սիլվա Համբարձումյանի հայտարարությունը «ստոր սուտ» անվանեց նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։
«Սա ստոր և կեղտոտ սուտ է։ Նման բան չի եղել և չէր կարող լինել։ Համոզված եմ՝ հնչած հայտարարություններին, որպես զրպարտանքի, կտրվեն համապատասխան գնահատականներ: Այս պահին այլ մեկնաբանություններից զերծ կմնամ, քանի որ ընթանում է նախաքննություն»,-ասաց նա։ Ավելի վաղ գործարարի հայտարարությանն արձագանքել էր նաև Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը՝ նշելով, որ դա հերյուրանք է, որի առնչությամբ դատական գործընթաց են սկսելու: