Բաժիններ՝

Գումի շուկայի մոտ հայտնաբերված ձիու միսը ոչնչացվել է

Հայաստանի Հանրապետության ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները հոկտեմբերի 25-ին Խորենացի փողոցի (Գումի շուկայի հարևանությամբ) մսի վաճառքի տաղավարներում և խանութներում կատարած հերթական շրջայցի ժամանակ որոշ կետերում հայտնաբերել էին ձիու մսի խմբաքանակ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից, Վերահսկողական հետագա գործողությունների արդյունքում պարզվել է, որ անհատ ձեռնարկատերեր Օֆելյա Քոչինյանին և Մամե Հասանյանին պատկանող իրացման կետերի սառնարան-պահեստներում եղել է համապատասխանաբար 72 և 42 կգ ձիու միս, իսկ Մամե Հասանյանի սառնարան-պահեստում՝ նաև 37 կգ կասկածելի թարմության տավարի միս:

Ըստ տնտեսվարողների հայտարարությունների՝ մսեղիքը ձեռք է բերվել Խորենացի փողոցի հարակից տարածքից՝ անհայտ անձից, իրացման կետում չի վաճառվել և պահվել է սառնարան-պահեստում՝ սեփական շներին կերակրելու նպատակով:

Նշված մսեղիքներից վերցված նմուշների լաբորատոր փորձաքննության արդյունքներով՝ դրանցում հայտնաբերվել են անաէրոբ ինֆեկցիաներին բնորոշ մանրէներ: Մսեղիքը, լաբորատոր փորձաքնության արդյունքների հիմքով, ոչնչացվել է:
Ա/Ձ Օֆելյա Քոչինյանին պատկանող իրացման կետում նաև սանիտարահիգիենիկ պայմանները չեն համապատասխանել սահմանված նորմերին, ուստի կասեցվել է դրա գործունեությունը: Ա/Ձ Մամե Հասանյանին տրվել է հանձնարարական գործունեությունը վերսկսել միայն տարածքի, սառնարան-պահեստի և գույքի պատշաճ մաքրումից և ախտահանումից հետո, ինչն էլ վերջինս կատարել է:

Միաժամանակ, քանի որ մսեղիքը ձեռք է բերվել անհայտ անձից, որը չի ունեցել դրա անվտանգությունը և ծագումը հավաստող փաստաթուղթ, ինչպես նաև հաշվի առնելով կենդանական ծագման սննդամթերքի բարձր ռիսկայնության հանգամանքը՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնը դիմել է ՀՀ ոստիկանություն՝ ձիու մսի ծագումը պարզելուն ուղղված համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս