Աղբահանությունն ու աղբավայրերի խնդիրը մեծ վնաս են հասցնում բնապահպանությանը. հարցում
«GALLUP International association» Հայաստանում լիիրավ անդամ «ԷՄ ՓԻ ՋԻ» ՍՊԸ-ն սեպտեմբերի 3-11-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի ողջ տարածքում 18 տարեկանից բարձր 1106 անձանց շրջանում հարցում է իրականացրել՝ պարզելու համար, թե Հայաստանում որ խնդիրների պատճառով կարող է վտանգվել բնապահպանությունը։
«GALLUP International association»-ի տնօրեն Արման Նավասարդյանի խոսքով՝ հարցման մասնակիցների 43,6 տոկոսի կարծիքով՝ բնապահպանությունը կարող է վտանգվել աղբահանության ու աղբավայրերի խնդիրների պատճառով, 41,2 տոկոսը պատասխանել է՝ Սևանա լճի, իսկ 7,8 տոկոսը մատնանշել է Դիլիջանի անտառահատումները, 39,5 տոկոսի համար՝ Ամուլսարի հանքի շահագործումը, 23, 5 տոկոսն էլ նշել է Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի խնդիրը։
Հարցին, թե ՀՀ կառավարությունն Ամուլսարի շահագործման հետ կապված ինչպիսի՞ որոշում կկայացնի, հարցվողների 28 տոկոսը պատասխանել է, որ հանքը պետք է փակվի, իսկ 26,5 տոկոսն էլ նշել է, որ հանքը պետք է շահագործվի և հարակից համայնքներին տրամադրի առավել շատ օգուտներ, 18, 9 տոկոսի կարծիքով էլ՝ հանքը պետք է շահագործվի հարակից համայնքների բնակիչների ակտիվ մոնիտորինգի ներքո, 5,2 տոկոսը գտնում է, որ հանքը պետք է շահագործվի այլ տեղական ընկերությունների կողմից, 19,4 տոկոսը դժվարացել է պատասխանել հարցին։
Զվարթ Խաչատրյան