«Մեսչյա՛ն, ինչո՞ւ ես լռել ձկան նման, ո՞ւր են քո կամային որոշումները». Տիգրան Հեքեքյան
«Հին Երևան» ծրագրի շրջանակներում շվեյցարահայ Վարդան Սերմաքեշի կողմից կառուցվող ստորգետնյա ավտոկայանատեղիի և հասարակական սպասարկման տարածքի շինարարական աշխատանքները վնաս են հասցրել Արամի 23 հասցեում գտնվող պատմամշակութային հուշարձան հանդիսացող շենքին, որը «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբին է պատկանում 1995 թվականից:
Շինարարության ընթացքում թուլացել է հողը, ինչի արդյունքում շենքի պատերին ճաքեր են հայտնվել:
Վարչապետի աշխատակազմը, Մշակույթի նախարարությունը, Քաղաքաշինության պետական կոմիտեն և Երևանի քաղաքապետարանը քննարկումներ են կազմակերպում, արդյունքում այդպես էլ չեն կողմնորոշվում՝ ի՞նչ անել:
«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Տիգրան Հեքեքյանը 168.am-ի հետ խոսելով շենքի հետագա ճակատագրի վերաբերյալ տեղի ունեցած քննարկումներից՝ ասաց.
«Ոչ մի բան էլ տեղի չի ունեցել քննարկման ժամանակ: Պարապ-սարապ գնում են, մինչև շենքը քանդվի: Ամեն ժողովի ժամանակ որոշում են, որ շենքը պետք է քանդվի, իսկ մեր իշխանությունն այնքան թափ չունի, որ ասի՝ բացառվում է: Սրանք ասում են՝ չէ, նրանք ասում են՝ հա, պետք է քանդվի, ու այսպես՝ երեք ամիս: Կառավարությունը ոչ մի քայլ չի ձեռնարկում, միայն դատարկ խոսակցություններ են: Որ ներկա լինեք՝ լացներդ կգա: Քաղաքապետարանը Մեսչյանի գլխավորությամբ խորհրդակցություն է կազմակերպում, քանի որ սրանք ասում են՝ պետք է քանդենք, Մշակույթի նախարարությունն էլ, թե՝ թույլ չենք տա, Մեսչանն էլ առաջարկեց, թե՝ լավ, եկեք շենքը մետաղական ամրաններով պահենք, որպեսզի չփլվի, մինչև հետո որոշենք, թե հողն ի՞նչ ենք անում: Այ մարդ, հողը գնում է, շենքն օղակում ես, որ մյուս պատերն էլ հետը տանի՞: Խայտառակություն է…»:
Տիգրան Հեքեքյանի փոխանցմամբ՝ իր հետ հանդիպելու են գնացել նաև վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ներկայացուցիչները, վերջինիս օգնական Նաիրի Սարգսյանը:
«Նաիրին հարցնում է՝ ի՞նչ կլինի, որ քանդենք, էս ի՞նչ վիճակ է: Քանդենք, սիրուն շենքեր սարքենք: Պատասխանեցի, որ ամեն ինչ էլ կլինի՝ օրենքի սահմաններում: Հարցնում է՝ օրենքը չի թողնո՞ւմ: Ասում եմ՝ կառավարության աշխատող ես, եկել ես ինձ մոտ՝ օրենքները չիմանալո՞վ: Տպեցի, տվեցի ձեռքը: Օրենքում գրված է, որ պատմամշակութային հուշաձան շենքերը քանդել չի կարելի: Այդ հարցը չի կարող քննարկվել: Գնացել քաղաքապետարան, ներկա է եղել Մեսչյանի կազմակերպած նիստին ու էլի շարունակել է իր քանդելու միտքը՝ «Հին Երևան» նախագծի հեղինակ, ճարտարապետ Լևոն Վարդանյանի հետ միասին»,- նշեց «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավարը:
Տիգրան Հեքեքյանը տեղեկացրեց, որ գործը Գլխավոր դատախազությունում է, լուրջ քննություն է սկսվել:
«Բայց մինչև դատարանից տեղ հասնեն՝ շենքը կհայտնվի փոսում: Դատարանը նրա համար է, որ գտնի մեղավորներին ու պատժի, իսկ սրանք հիմա պետք է ամեն ինչ անեն ու շենքն ամրացնեն: Մարդիկ են աշխատում շենքում, որոնց պետք է դուրս հանեմ: Մտածե՞լ են, թե այդ ընթացքում որտե՞ղ են աշխատելու: Ես չգիտեի, որ մեր ժողովուրդն այսքան տգետ ու չմտածող է: Հենց իրենք փորեցին՝ սկսեցին ճաքել պատերը, ու այս վիճակին հասանք»,- նկատեց նա:
Ինչ վերաբերում է հետագա քննարկումներին, Տիգրան Հեքեքյանն ասաց, որ Մեսչյանն ասել է՝ երկու շաբաթ հետո:
«Նրա մոտ էլ խոսակցություն եղավ ու հարցն էլի չլուծվեց: Մեսչյա՛ն, խոսք էիր տալիս, որ մի բան փոխվելու է, բա ինչո՞ւ ես լռել ձկան նման, ո՞ւր են քո կամային որոշումները: Չենք ասում՝ լավություն արա, օրենքի տառը պահպանի՛ր»,- հորդորեց Տիգրան Հեքեքյանը:
Անի Կարապետյան