
ԿԽՄՖ-ում պարզաբանել են, թե ինչու աշխարհում միլիոնավոր մարդիկ մարդասիրական օգնություն չեն ստանում

Միլիոնավոր մարդիկ, որոնք գտնվում են ճգնաժամային իրավիճակում, անհրաժեշտ մարդասիրական օգնություն չեն ստանում նրանց մասին անբավարար եւ անհավաստի տեղեկատվության պատճառով: Այդ մասին ասված է Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի (ԿԽՄՖ) զեկույցում, որը հրապարակվել է հոկտեմբերի 31-ին:
«2018 թվականի համաշխարհային աղետների մասին հաշվետվությունում» նշված է, որ 10 տարում աշխարհում տեղի է ունեցել 3751 բնական աղետ, որոնց հետեւանքով տուժել է 2 միլիարդ մարդ: Տարերային աղետներից վնասը կազմել է 1 միլիարդ 658 միլիոն ամերիկյան դոլար: Սակայն ոչ բոլոր մարդկանց է համարժեք մարդասիրական օգնություն ցույց տրվել:
Փաստաթղթում նշված է, որ առավել խոցելի են եղել այն մարդիկ, որոնց մոտ դժվար է հասնել՝ հաշմանդամները, աղքատները, նրանք, ում մասին հումանիտար գործակալությունները քիչ տեղեկատվություն ունեն, ինչպես նաեւ նրանք, ում հասարակությունը դիտավորյալ անտեսում է:
«Նույնիսկ եթե բոլոր հումանիտար կոչերը լիովին անհրաժեշտ ֆինանսավորում ստանան, ամենայն հավանականությամբ, միլիոնավոր մարդիկ նույն կերպ ուշադրությունից դուրս կմնան: Այս զեկույցը պետքէ միջազգային հումանիտար հատվածին հարկադրի ակտիվորեն որոնելու նրանց, ովքեր մնացել են հուսահատության մեջ եւ գտնվում են ստվերում»,- հայտարարել է ԿԽՄՖ-ի գլխավոր քարտուղար Էլհաջ Աս Սին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: