Երևանում նորածնի մահվան դեպքով փորձաքննություն է նշանակվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ նորածնի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն:
28.10. 2018 թվականի հոկտեմբերի 28-ին ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնում քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ իր կնոջը ոչ պատշաճ ծննդօգնություն ցուցաբերելու հետևանքով իրենց երեխան մահացել է:
Դեպքի առթիվ 29.10.2018թ. Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով (բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ) հարուցվել է քրեական գործ, որը 31.10. 2018թ. ստացվել և վարույթ է ընդունվել ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում:
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքեր պարզելու համար նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Նախաքննությունը շարունակվում է:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա կայացվող դատավարական որոշումների, քրեաիրավական գնահատականների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: