«Եթե դուք ժողովրդից թաքուն բան չեք անում, ասեք՝ տեսնեմ՝ Ջոն Բոլթոնի հետ ի՞նչ եք պայմանավորվել». Գառնիկ Իսագուլյանը՝ Նիկոլ Փաշինյանին
«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ, ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ սեպտեմբերի վերջին Դուշանբեում ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ Ադրբեջանի իշխանությունների հետ հուսալի օպերատիվ կապ է հաստատվել, և անհրաժեշտության դեպքում ցանկացած տեղեկատվություն 30 րոպեի ընթացքում կհասնի Ալիևին, և՝ հակառակը, նշեց, որ ավելի լավ կլիներ, եթե Նիկոլ Փաշինյանն առաջին հերթին օպերատիվ կապ հաստատեր ՀՀ և Արցախի Հանրապետության նախկին նախագահների հետ, որպեսզի Արցախի հիմնախնդրում քննարկումներ լինեին։
«Եթե Ալիևի հետ կա օպերատիվ կապ, շատ լավ է, բայց արդյո՞ք այն օգնում է, որպեսզի մեր սահմանում զինվորներ չզոհվեն։ Փորձել ամեն վատ բան վերագրել նախկին իշխանություններին, այդքան էլ լավ բան չէ։ Հասկացանք, ամեն ինչ արեցին և եկան իշխանության, բայց այսօր ժամանակն է, որպեսզի փոխվեն՝ որպես ղեկավար։
Որպեսզի նախկիններին չմեղադրեն, չեն էլ պատկերացնում, թե Արցախի հարցում ինչ բանակցություններ են եղել։ Մարդիկ իրենց անձնականն են վտանգել, որպեսզի կարողանան տարբեր երկրների հետ հարաբերություններում ճիշտ գիծ տանել՝ գոնե Արցախի հարցում, ամեն ինչ զոհել են հանուն Արցախի հիմնախնդրի լուծման»,- նշեց Գ. Իսագուլյանը։
Ըստ նրա, այսքանից հետո իշխանությունները կանգնում և հայտարարում են, թե նախկին իշխանություններն Արցախի հարցում ժողովրդից թաքուն բաներ էին անում. «Դե հիմա եթե դուք ժողովրդից թաքուն բան չեք անում, ասեք՝ տեսնեմ՝ Ջոն Բոլթոնի հետ ի՞նչ եք պայմանավորվել»,- ասաց Գառնիկ Իսագուլյանը։
Զվարթ Խաչատրյան