«Ինձ ոչ մեկի ներումը հարկավոր չէ». Սահակաշվիլին ներում չի խնդրելու Վրաստանի նորընտիր նախագահից
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին ներում շնորհելու խնդրանքով չի դիմի երկրի գործող կամ ապագա նախագահին եւ մտադիր է Վրաստանի իր կորցրած քաղաքացիությունը վերականգնել դատարանի միջոցով։
«Ես մտադիր չեմ ներման համար դիմել ոչ նախագահ Մարգվելաշվիլիին (Վրաստանի գործող նախագահ) եւ ոչ է նախագահ Վաշաձեին (նախագահի թեկնածու): Ինձ ոչ մեկի ներումը հարկավոր չէ: Դուք, հավանաբար, ինձ ինչ-որ մեկի հետ եք շփոթում: Ես ոչ մի հանցագործություն չեմ կատարել, բացի այն, որ վրացական պետություն եմ կառուցել: Ես ուղղակիորեն հայտարարում եմ՝ Գրիգոլ Վաշաձեին հարկ չի լինի ինձ ներում շնորհել: Ես մտադիր եմ իմ իրավունքները պաշտպանել դատարանում, երբ Վրաստանում արդարադատություն կլինի, եւ ես դրան կհասնեմ»,- Ամստերդամից հայտարարել է Սահակաշվիլին «Ռուսթավի-2» հեռուստաընկերության եթերում:
Նա «հիմարություն» է որակել Վրաստանի գործող իշխանությունների ներկայացուցիչների այն պնդումները, որ եթե նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթանակ տանի ընդդիմությունից թեկնածու Վաշաձեն, ապա քաղաքացիական պատերազմ կսկսվի:
«Իշխանությունների այն պնդումները, որ մեր թեկնածուի հաղթանակը կհանգեցնի քաղաքացիական պատերազմի, բացահայտ հիմարություն է: Մինչդեռ Վրաստանում ապակայունացում կարող է տեղի ունենալ ներկայիս վրացական իշխանությունների կատարյալ անգործունակության պատճառով: Վրաստանի տնտեսությունն աղետալի վիճակում է, եւ հենց այդ գործոնը կարող է ապակայունացման պատճառ դառնալ»,-ասել է Սահակաշվիլին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: