Արցախի Մարդու իրավունքների պաշտպան է ընտրվել Արտակ Բեգլարյանը
Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ԱՀ Ազգային ժողովի լիագումար նիստին 29 կողմ ձայնով ԱՀ Մարդու իրավունքների նոր պաշտպան է ընտրվել Արտակ Բեգլարյանը:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ նիստին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Հովիկ Ջիվանյանն ասել է, որ Սահմանադրությամբ և ԱԺ կանոնակարգ օրենքով նախատեսված ընթացակարգով պաշտպանի առաջադրումը վերապահված էր խմբակցություններին, և Խորհրդարանն առաջին անգամ է նոր Սահմադրությամբ Մարդու իրավունքների պաշտպան ընտրել:
««Հայրենիք» խմբակցության կողմից հոկտեմբերի 15-ին ներկայացվել է Արտակ Բեգլարյանի թեկնածությունը: ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում հարցը քննարկվել է և կայացվել է որոշում առաջադրել Արտակ Բեգլարյանի թեկանծութունը»,- նշել է Հ. Ջիվանյանը:
Իր հերթին Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու Արտակ Բեգլարյանն ասել է, որ պետականաշինության կենսական գործընթացում բազմաթիվ այլ հաջողությունների կողքին պետք է կարևորել Արցախում մարդու իրավունքների պաշտպանի հաստատության ձևավորումը 2008 թվականին:
«Այս տասնամյա ժամանակաշրջանում բավականին մեծ աշխատանք է կատարվել մարդու իրավունքներիամրագրման, պաշտպանության մեխանիզմների կատարելագործման, արհեստավարժ աշխատակազմի ձևավորման, միջազգային կապերի հաստատման և մի շարք այլ ուղղություններում: Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրվելու դեպքում ես կարևորում եմ չորս հիմնական՝ ներքին, համահայկական, միջազգային և ադրբեջանական ուղղությունները:
Ներքին ուղղությունը Սահմանադրությամբ և օրենքով մարդու իրավունքների պաշտպանին տրված մանդատի գլխավոր ուղղությունն է: Իմ կարծիքով՝ պետությունը պարտավորություն ունի բարելավելու մարդու իրավունքների պաշտպանության միջավայրը, որպեսզի տվյալ պետությունը լինի կենսունակ, իսկ հասարակությունը՝ երջանիկ: Համահայկական ուղղությունը կարևոր է Արցախում մարդու իրավունքների մշակույթի բարելավման և միջազգային կապերի հաստատման, ամրապնդման ուղղությամբ: Միջազգային ուղղությունում կարևոր նպատակներ կան, ինչպիսիք են Արցախի վերաբերյալ միջազգային իրազեկման բարձրացումը, միջազգային կազմակերպությունների ծրագրային ընդգրկվածությունը, Արցախի մարդու իրավունքների հաջողությունների և խնդիրների վերաբերյալ ներկայացումը միջազգային տարբեր հարթակներում, ադրբեջանական հայատյաց քաղաքականության հետևանքների և վտանգների պատշաճ ներկայացումը, ինչպես նաև համապատասխան քայլերի ձեռնարկումը, որպեսզի նմանատիպ վտանգները հնարավորինս նվազեցվեն:
Ադրբեջանական ուղղությունը կկարևորեի այնքանով, որ հենց Ադրբեջանն է մարդու իրավունքների խախտման գլխավոր աղբյուրը Արցախի բնակչության դեպքում, մասնավորապես կյանքի և հիմնարար մի շարք իրավունքների խախտման բազմաթիվ դեպքեր մենք ունենք: Մեզ համար շատ կարևոր է կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել ադրբեջանական ոտնձգությունների հանդեպ»,- մանրամասնել է Ա. Բեգլարյանը՝ հավելելով, որ, ընտրվելով Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում, ինքը պարտավորվում է առավելագույնս համագործակցել Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների ու յուրաքանչյուր պատգամավորի հետ՝ Արցախի Հանրապետությունում մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանության կարևորագույն առաքելությունն իրագործելու ընթացքում: