
Համաներման մասին նախագծով համաներում կշնորհվի շուրջ 660 դատապարտյալի

Համաներում հայտարարելու մասին առաջարկվող նախագիծը ամենաշատ շահառու ունեցող համաներումն է: Դրանով համաներում է շնորհվելու շուրջ 660 դատապարտյալի: Այս մասին այսօր ԱԺ նիստում հայտարարեց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը:
«Նախագծով առաջարկվում է, որ… օրինական ուժի մեջ մտած դատավճռով պատժի չկրած մասը կկրճատվի: Ընդհանուր առմամբ հիմնարկներում պահվող ավելի քան 660 դատապարտյալների նկատմամբ կկիրառվի համաներում»,-նշեց Զեյնալյանն ու հավելեց, որ դա կազմում է դատապարտյալների ավելի քան 36 տոկոսը, իսկ հիմնարկներում պահվող անձանց՝ շուրջ 22 տոկոսը:
Պրոբացիայի 3850 շահառուներից շուրջ 2720 անձի նկատմամբ ևս կկիրառվի համաներում, քննչական կոմիտեում քննվող շուրջ 6140 քրեական գործերից 1096-ի նկատմամբ ևս:
Զեյնալյանը վստահեցրեց, որ նախորդ տարվա համաներումների համեմատ սա ամենաշատ շահառու ունեցող համաներման նախագիծն է: