Մերօրյա Մյունհաուզենը. Նախարարն ուզում է «երկրում 2 նոր օր ավելացնել». «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Տրանսպորտի եւ կապի նախարար Հակոբ Արշակյանին հարցրինք՝ պատահաբա՞ր էր աջ ղեկով վարորդների հետ հանդիպման ժամանակ ասել, որ համապատասխան օրենքն ընդունվել է փետրվարի 31-ին՝ շփոթվե՞լ էր։ «Չէ, ի՞նչ շփոթվել․ ուզում եմ երկրում երկու նոր օր ավելացնել»։ Երկու չէ, երեք է՝ էլի՞ շփոթվեցիք։ «Ոչ, ուզում եմ ավելացնել»։

Փաստորեն, Դուք էլ մեր Մյունհաուզենն եք, բայց գիտեք՝ նրա օրացույցով հնարավոր էր ավելացնել մեկ օր եւ՝ մայիսի 32-ին։ Բոլոր դեպքերում, աջ ղեկով մեքենաների հարցը կլուծե՞ք։ «Փորձելու ենք ինչ-որ բան անել»։

Այդ պահին տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը միացավ տրանսպորտի նախարարին։ Հարցին՝ ինչպե՞ս է պարոն Պապիկյանը վերաբերվում փետրվարի 31-ի «խնդրին», ասաց․ «Երեւի թե չեմ վերաբերվում․ գոյություն չունեցող բանին ո՞նց վերաբերվեմ»։ Մի՛ ասեք՝ «մի ասեք», թավշյա հեղափոխությունն այնքան աննախադեպ էր, որ կարող եք եւ հասնել այդ ցուցանիշներին։ «Դժվար»,- ասաց նա։ Բայց ո՞նց է լինում, որ մի դեպքում փետրվարի 31 է, մյուս դեպքում՝ 40 հազար հեկտար կաթիլայինով ջրվող հողատարածքներ։ «Ստացվում է, էլի, ո՞նց է լինում»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս