«Ես պատրաստ եմ, մենք պատրաստ ենք երկրորդ փուլին». Սալոմե Զուրաբիշվիլի
Վրաստանի նախագահի անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին, որին աջակցում է «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցությունը, բրիֆինգում հայտարարել է, որ պետության ղեկավարի պաշտոնի համար կշարունակի պայքարել ընտրությունների երկրորդ փուլում։
Երկրում նախագահական ընտրությունները կայացել են հոկտեմբերի 28-ին: Ընտրական մրցավազքի առաջատարը դարձել է Զուրաբիշվիլին (38,64 տոկոս), նրան հաջորդել է միավորված ընդդիմությունից թեկնածու Գրիգոլ Վաշաձեն (37,73 տոկոս): Քանի որ նրանցից ոչ ոք չի հաղթահարել 50-տոկոսանոց շեմը, երկրում կկայանա ընտրությունների երկրորդ փուլ:
Զուրաբիշվիլին երկու օր ամեն կերպ խուսափում էր ԶԼՄ-ների հետ շփումներից, չնայած լրագրողների ջանքերին: Այսպես, նախօրյակին թղթակիցները նրան «բռնել Էին» փողոցում, սակայն Զուրաբիշվիլին թիկունք էր դարձրել նրանց, ասելով, թե ԶԼՄ-ների հարցերին կպատասխանի, «երբ նրանց կկանչեն»:
«Ես պատրաստ եմ, մենք պատրաստ ենք երկրորդ փուլին: Մենք պատրաստ ենք պայքարին, որովհետեւ ես հավատում եմ ձեզ: Ես հավատում եմ ձեր ընտրությանը, ես հավատում եմ ձեր իմաստնությանը, հավատում եմ, որ դուք գիտեք՝ ինչ եք ցանկանում Վրաստանի համար: Ես հավատում եմ, որ դուք լավ եք հասկանում, որ այսօր պետք է ընտրություն անել ոչ թե երկու թեկնածուների, երկու կուսակցությունների միջեւ, այլ այսօր պետք է ընտրություն կատարել երկու Վրաստանների միջեւ:
Ինչպեսի Վրաստան ենք մենք ցանականում. դա մեր ընտրությունն է եւ դա երկրորդ փուլն է»,- ասել է Զուրաբիշվիլին դիմելով երկրի բնակիչներին: Բրիֆինգի ընթացքում նախագահի թեկնածուն նաեւ շնորհակալություն է հայտնել իր կողմնակիցներին առաջին փուլում իրեն ցուցաբերած աջակցության համար: Վերջին ժամանակներս Զուրաբիշվիլիի գործելակերպը տարբեր լուրերի տեղիք էր տվել ԶԼՄ-ներում: Իշխող կուսակցությունում աղբյուրի խոսքով, «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցության հիմնադիր եւ նախագահ Բիձինա Իվանիշվիլին կուսակցության ղեկավարներին ասել է, որ «եթե ընտրությունների երկրորդ փուլում Զուրաբիշվիլին չկարողանա համոզիչ հաղթանակ տանել, ապա ոմանք կհայտնվեն քաղաքական աղբանոցում»:
Իշխող կուսակցությունում ակնկալում էին, որ Զուրաբիշվիլիի հաղթանակ կտանի արդեն առաջին փուլում: Խոսակցություններ են ծավալվում նաեւ այն մասին, որ Զուրաբիշվիլին «Վրացական երազանքին» մեղադրել է այն բանում, որ իր նախընտրական արշավը հարկ եղած ձեւով չի նախապատրաստվել եւ Իվանիշվիլիին սպառնացել է իր թեկնածությունը հանել ընտրություններից: Վրաստանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա մինչեւ դեկտեմբերի 2-ը, հաղորդել է Sputnik-ը: