
Ինդոնեզիայի իշխանությունները հայտարարել են, որ գտնվել է կործանված ինքնաթիռի ֆյուզելաժը

Ինդոնեզիայի զինված ուժերի ղեկավար Հադի Թյաջանթոն հոկտեմբերի 31-ին հայտարարել է, որ ամենայն հավանականությամբ հայտնաբերվել է երկրի ափերի մոտ կործանված ինքնաթիռի ֆյուզելաժի տեղադրությունը: Այդ մասին գրել է ավստրալական The Mercury թերթը:
Նրա խոսքով՝ օդանավի բեկորի հնարավոր տեղադրությունը որոշվել է Ճավայի ծովում շարունակվող որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում: «Մենք համոզված ենք, որ գտել ենք JT610-ի ֆյուզելաժի մի մասը»,- հայտարարել է Թյաջանթոն տեղական հեռուստաալիքի եթերում: Ավելի վաղ գտնվել են ինքնաթիռի բեկորներ եւ ուղեւորների մարմիններ, սակայն ֆյուզելաժը եւ ինքնաթիռի գրանցասարքերն առայժմ չեն հայտնաբերվել:
Jakarta Post թերթը հոկտեմբերի 31-ին հայտնել է, որ Boeing ընկերության եւ ԱՄՆ-ի կառավարության ներկայացուցիչները կժամանեն Ինդոնեզիա, որպեսզի միանան Boeing 737 ինքնաթիռի ավիաաղետի հետաքննությանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: