Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցները լուրջ հետևանքներ կունենան աշխարհակարգի համար. Զարիֆ
Թեհրանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցներն ընդունվել են միջազգային իրավունքի խախտմամբ եւ լուրջ հետեւանքներ կունենան աշխարհակարգի համար: Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը: «Իրանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու ԱՄՆ-ի որոշումը հակասում է միջազգային իրավունքին ու նորմերին,- Զարիֆի խոսքը մեջբերում է IRNA գործակալությունը:-Վաշինգտոնը խախտում է օրենքը եւ միեւնույն ժամանակ գրոհում նրանց վրա, ովքեր այն պահպանում են»:
Նա ասել է, որ «նման մոտեցումը լուրջ հետեւանքներ կունենա աշխարհակարգի համար»: Նախարարի կարծիքով՝ «այսօր համաշխարհային հանրակցությունը կատարում է ընտրություն, որը դուրս է գալիս Իրանի միջուկային գործարքի շրջանակներից»: «Դա ընտրություն է իրավական մեթոդներին աջակցելու եւ անօրինական ու կամայական գործողություններին դիմակայելու օգտին»,-հավելել է նա: Իրանը եւ միջազգային բանակցորդների «վեցյակը» 2015 թվականի հուլիսի 14-ին պատմական համաձայնության են հասել իրանական բազմամյա միջուկային հիմնախնդրի կարգավորման շուրջ: Երկարատեւ բանակցություններն ավարտվել են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ընդունմամբ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին հայտարարել է, որ Վաշինգտոնը դուրս է գալիս միջուկային ծրագրի վերաբերյալ Իրանի հետ համաձայնագրից եւ վերականգնում է Իրանի դեմ բոլոր պատժամիջոցները, այդ թվում՝ պատժամիջոցներն այն երկրների նկատմամբ, որոնք բիզնես են վարում Իրանի հետ: «Վեցյակի մնացած անդամները դեմ են արտահայտվել ԱՄՆ-ի այդ քայլին: Վաշիգնտոնի եվրոպական գործընկերները հայտարարել են, որ մտադիր են պահպանել Իրանի հետ կնքված գործարքի պայմանները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: