
ՀՀ ԶՈւ ԳՇ պետի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՀԱՊԿ ռազմական կոմիտեի նիստին

Հոկտեմբերի 26-ին Ալմաթիում Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարարի առաջին տեղակալ – զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախագահությամբ անցկացվել է ՀԱՊԿ ռազմական կոմիտեի հերթական նիստը, որին մասնակցում էր նաև ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ա.Դավթյանի գլխավորած պատվիրակությունը:
Նիստի ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի հետագա զարգացման խնդիրները, ինչպես նաև կարծիքներ են փոխանակվել ՀԱՊԿ հավաքական անվտանգության, մասնավորապես՝ կովկասյան և կենտրոասիական տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրադրության հարցերի շուրջ։
Քննարկմանը հատուկ ուշադրության են արժանացել տաջիկա-աֆղանական սահմանին ձևավորվող իրավիճակին, ռազմական անվտանգության սպառնալիքներին և ՀԱՊԿ հավաքական անվտանգության տարածաշրջանում հակաօդային ու հակահրթիռային պաշտպանության կազմակերպմանն առնչվող հարցեր:
Ռազմական կոմիտեի նիստի շրջանակում կայացել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ա. Դավթյանի առանձին հանդիպումը Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարարի առաջին տեղակալ – զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մ. Մայկեևի հետ, որի ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: