Բաժիններ՝

Հայկական գերեզմանոցի վրա զուգարան կառուցված թուրք քաղաքապետ. «Պետք է ուշադրություն դարձնենք ծպտյալ հայերին»

Վանի Էդրեմիթ շրջանի ղեկավար Աթիֆ Չիչեքչին, որը միևնույն ժամանակ պետության կողմից կարգված է որպես Արտամետ քաղաքի կառավարիչ (հոգաբարձու), Վանի տեղական ռադիոկայանի եթերից խոսել է հայկական գերեզմանոցի վրա կառուցված զուգարանների խնդրի վերաբերյալ:

Հանրային զուգարանը կառուցել տված ու նույնիսկ բարձրացած աղմուկից հետո այն ապամոնտաժելուց հրաժարված թուրք պետական կառավարչը կրկին ժխտել է այդ տեղում հին հայկական գերեզմանոց լինելու փաստը:

Լողափի կառուցումից հետո մեզ զրպարտեցին՝ պնդելով, թե լողափի զուգարանը կառուցված է գերեզմանոցի վրա: Ալլահից չվախեցող հիվանդ երևակայություն ունեցող այդ անձինք մեզ զրպարտել են: Այդ լուրերը միանգամայն սուտ են»,- ասել է Չիչեքչին:

Թուրք ազգայնական պաշտոնյան, ով նույնիսկ զուգարանը քանդելու անհրաժեշտության մասին Թուրքիայի մշակույթի նախարարի արած հայտարարությունից հետո հրաժարվեց ապամոնտաժել այն, «գտել է գերեզմանոցի մասին սուտ լուրերի տարածման պատճառը»:

«Այդ ստոր մարդիկ, հայկական գերեզմանոցի մասին սուտը հորինելով, Եվրոպայում մեր դեմ արշավ իրականացրեցին: Այժմ էլ, մեր քուրդ եղբայրներին սադրելով, շարունակում են այդ գործը»,- իր հորինած թեզն է բարձրաձայնել Չիչեքչին:

Իրեն համայնքի մարդ համարող ու մուսուլմանների իրավունքները պաշտպանել փորձող կառավարիչը, շարունակելով միտքը, ասել է. «Մենք ռասիզմին դեմ ենք: Եթե մեկը չափից ավել քրդություն անի, պետք է նրա հիմքը քանդել: Դա նաև թրքություն անելու վրա է տարածվում:

Ծպտյալ հայեր կան: Բոլորը պետք է ուշադրության կենտրոնում պահեն նրանց»,- եզրափակել է թուրք պաշտոնյան:

Հիշեցնենք, որ Արտամետի քաղաքապետարանի հոգաբարձուի հանձնարարությամբ հասարակական լողափի հարևանությամբ գտնվող պատմական բլրի և հայկական գերեզմանոցի վրա զուգարան և հանդերձարաններ են կառուցվել:

Խնդրի շուրջ բարձրացած աղմուկի ֆոնին 2017 նոյեմբերին Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Նուման Քուրթուլմուշը հայտարարել էր, որ Վանում հայկական գերեզմանոցի վրա կառուցված այդ կառույցները պետք է ապամոնտաժվեն:

Սակայն քաղաքապետարանի՝ պետության կողմից նշանակված հոգաբարձու Աթըֆ Չիչեքլին հայտարարել է, որ վերոնշյալ շինությունները չեն քանդվելու՝ պնդելով որ այդ վայրում հայկական գերեզմաններ չկան:

Նշված տարածքում նախկինում հայկական թաղամաս է եղել, որը հայտնի է որպես հանրահայտ հայ նկարիչ Արշիլ Գորկու ծննդավայր: Թաղամասի հարևանությամբ գտնվող հայկական գերեզմանատունն անարգվել է, կատարված կառուցապատումների պատճառով բազմաթիվ մարդկային ոսկորներ են դուրս եկել հողից և այս ու այն կողմ ընկել: Գերեզմանոցն ու բլուրը չեն խուսափել նաև գանձախույզների ուշադրությունից. վերջիններս անխնա փորփրել ու ավիրել են տեղանքը:

ermenihaber.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս