
Ֆրանսիացի թոշակառուն պլանավորում է տակառով լողանցել Ատլանտյան օվկիանոսը. Parisien

72-ամյա թոշակառու Ժան Ժակ Սավենը՝ Ժիրոնդի դեպարտամենտից, պատրաստվում է փայտե մեծ տակառով կտրել-անցնել Ատլանտյան օվկիանոսը: Այդ մասին հայտնել է Le Parisien թերթը:
«Գաղափարը հղացա, երբ կարդացի նավասպորտի ֆրանսիացի հռչակավոր վարպետ Ալեն Բոմբերի «Նավից դուրս իմ կամքով» գիրքը: Դրա եզրափակիչ մասում նա հիշատակում է տակառով նավարկության գաղափարը: Բոմբերն ինքն էր ցանկանում նման նավարկություն կատարել, սակայն այդպես էլ չի իրականացել իր մտահղացումը»,- հայտնել է Ժան Ժակ Սավենը:
Թոշակառուին եռամսյա նավարկություն է սպասում: Տակառը կլողա սոսկ քամու եւ ծովային հոսանքների հաշվին: Այն պետք է 5 հազար կիլոմետր անցնի Կանարյան կղզիների եւ Կարիբյան ավազանի միջեւ: Ներկայում Սավենը փորձնական նավարկություն է կատարում Արկաշոնի ծոցում՝ Ֆրանսիայի հարավ – արեւմուտքում:
Տակառը հատուկ պատվերով պատրաստել է տեղական տակառագործական ձեռնարկություններից մեկը: Տակառի վերին մասում տեղակայված են արեւամարտկոցներ: Ներսում՝ ձախ կողի մոտ, պտուտակներով ամրացված է մահճակալը, կենտրոնում գտնվում է էլեկտրոնային քարտեզը, աջ կողի մոտ՝ փոքրիկ խոհանոցը: Տակառը հանդերձված կլինի արբանյակային հեռախոսով եւ էլեկտրոնային փարոսով, որը թույլ կտա ցամաքից հետեւել դրա տեղափոխությանն Ատլանտյան օվկիանոսում, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: