Բարեփոխումների համար Հայաստանին անհրաժեշտ է եկամտաբեր տնտեսություն ու կայուն արտաքին քաղաքականություն
Ջորջ Վաշինգտոնի անվան համալսարանում օրերս տեղի ունեցավ Հայաստանում թավշյա հեղափոխության և հաջորդած զարգացումների մասին քննարկում: Բանախոսները կիսվեցին իրենց մտահոգություններով ու կարծիքներով այս առիթով:
Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:
Սա լավ հնարավորություն է ամերիկահայ համայնքի համար քննարկել Հայաստանի իրադարձությունները և վերաիմաստավորել վերջին 6 ամիսների Հայաստանի զարգացումները, ասում է օրերս մայրաքաղաքի Ջորջ Վաշինգտոնի անվան համալսարանում հրավիրված քննարկման բանախոսներից մեկը՝ քաղաքագետ Էմիլ Սանամյանը: Հայաստանում թավշյա հեղափոխությանն ու դրան հաջորդած զարգացվումների մասին քննարկման մյուս երկու բանախոսներն էին հեղափոխության մասնակից և ակտիվիստ, դոկտոր Ռուզաննա Գրիգորյանն ու հակակոռուպցիոն ոլորտի փաստաբան, նախկին դիվանագետ Արմեն Խարազյանը:
Ռուզաննա Գրիգորյանը մատնանշեց կառավարման այն թերի համակարգն ու կոռուպցիան, որը ձևավորվել էր նախկին իշխանությունների օրոք՝ հանգեցնելով թավշյա հեղափոխությանը: Նա կարևորեց նախահեղափոխական շրջանում Հայաստանի քաղաքացիական շարժումները, որոնք նպաստեցին հեղափոխության հաջողությանը:
«Դրանք գրանցեցին մի շարք տեղական հաղթանակներ, սակայն չէին կարող արմատապես փոխել քաղաքական դաշտը Հայաստանում, քանի որ խուսափում էին քաղաքական միավորի վերածվելուց: Սակայն դրանք կարևոր դեր ունեցան թավշյա հեղափոխության օրերին՝ անհնազանդության խաղաղ ակցիաների կազմակերպման, հանրային տեղեկացվածության մեծացման և ինքնակազմակերպման առումով»,- ասում է Գրիգորյանը:
Որպես հեղափոխության հիմնական նպատակ, Գրիգորյանն առանձնացնում է կոռուպցիայի դեմ պայքարն ու օրենքի գերակայության հաստատումը:
Էմիլ Սանամյանի կարծիքով նախկին իշխանությունների հեռացման հիմքում էր Սերժ Սարգսյանի խոստումը վարչապետ չառաջադրվելու մասին, ինչպես նաև Սարգսյանի կողմից քաղաքական հետնորդի ընտրության ձախողումը: Ըստ քաղաքագետի, Հայաստանի յուրաքանչյուր իշխանություն զգայուն է արևմտյան գնահատականների հանդեպ, քանի որ բնական լուրջ պաշարների բացակայության պարագայում զգալիորեն կախված է արտաքին օժանդակությունից: Սա էլ, ըստ Սանամյանի, մարդկային հատկանիշների հետ մեկտեղ սահմանափակում է ուժային միջոցների կիրառումը:
Ապրիլյան զարգացումներն, ըստ Սանամյանի, աննախադեպ էին Հայաստանի համար: Քաղաքագետը ընդգծում է այդ օրերին իշխանության նկատմամբ հանրային վերահսկողության բացակայությունը, որը նպաստեց բողոքի ալիքի զանգվածային բնույթին:
Փաստաբան Արմեն Խարազյանի կարծիքով էլ այսօր հետհեղափոխական Հայաստանի առաջնային խնդիրներից է կայուն արտաքին քաղաքականությունն ու եկամտաբեր տնտեսության կառուցումը:
«Հայաստանին այսօր անհրաժեշտ է եկամտաբեր տնտեսություն, որպեսզի երկիրը կարողանա վճարել Փաշինյանի վարչակազմի հայտարարած արդարադատության ոլորտի բարեփոխումների, հակակոռուպցիոն քաղաքականութան և վստահության մեծացման համար»,- ասում է Խարազյանը:
Նախկին դիվանագետը կարևորում է տնտեսական և քաղաքական դիվերսիֆիկացումը, որն ավելի մեծ հնարավորություններ կստեղծի երկրի համար, ներառյալ էներգետիկ անկախությունը, տեղեկատվական տեխնոլոգինաների զարգացումը, ճկուն ու բազմաբևեռ արտաքին քաղաքականությունը: Արդյունքներ գրանցելու համար, ըստ Խարազյանի, անհրաժեշտ է ամենօրյա քրտնաջան աշխատանք:
Քաղաքագետ Սանամյանի դիտարկմամբ էլ չնայած Ռուսաստանից կախվածությանն ու եվրասիական տնտեսական միությանն անդամակցմանը՝ Հայաստանում հնարավոր է կառուցել ժողովրդավարություն:
«Երկար ժամանակ հաշվի առնելով, որ Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է, գերիշխում էր այն կարծիքը, որ այդ պատճառով անհնար է կառուցել ժողովրդավարություն Հայաստանում: Գարնանային իրադարձություններն ապացուցում են հակառակը և որ ընդունված այս մոտեցումը ունի բացառություններ, ի դեմս Հայաստանի»,- գտնում է Սանամյանը:
Ռուզաննա Գրիգորյանն էլ ընդգծեց կրթական ոլորտի բարեփոխումների կարևորությունը: Վերջին 2 տասնամյակների ընթացքում ոլորտն ավելի շատ հետընթաց է գրանցել Հայաստանում, ուստի, ըստ նրա, այստեղ անհրաժեշտ են խոշոր ներդրումներ՝ քաղաքական նոր մտածելակերպի զարգացմանը նպաստելու համար: