
«Բնական է, որ վարչապետի թեկնածու չենք առաջադրելու». Արմեն Աշոտյան

ԱԺ ՀՀԿ խմբակցությունը հավատարիմ է մնում նախապես հայտարարած իր դիրքորոշմանը և վարչապետի ընտրության երկրորդ փուլի համար ևս չի առաջադրելու թեկնածու:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը:
«Մենք մեր որոշման մասին հայտարարել էինք շաբաթներ առաջ: Բնական է, որ վարչապետի թեկնածու չենք առաջադրելու: Ինչո՞ւ պետք է կուսակցությունը մեկ շաբաթվա ընթացքում փոխեր իր դիրքորոշումը»,- ասաց Աշոտյանը:
ՀՀ վարչապետի թեկնածուի առաջադրման վերջնաժամկետը հոկտեմբերի 30-ն է: Այս պահին վարչապետի միակ թեկնածուն ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն է:
Նրա թեկնածությունն առաջադրել են «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունները, նրանց են միացել նաև ՀՀԿ խմբակցության մի քանի պատգամավորներ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանն իրավունքի ուժով արձակելու գործընթացը սկսելու համար հոկտեմբերի 16-ին հրաժարական ներկայացրեց:
Հոկտեմբերի 24-ին Ազգային ժողովում քննարկվեց առաջին փուլով վարչապետ ընտրելու մասին հարցը: Առաջադրված միակ թեկնածուն Նիկոլ Փաշինյանն էր, ում խորհրդարանը չընտրեց վարչապետի պաշտոնում: Վարչապետի ընտրության ևս մեկ փուլ տեղի կունենա առաջին փուլի քվեարկությունից 7 օր հետո: Եթե երկրորդ փուլով էլ վարչապետ չի ընտրվում, խորհրդարանն արձակվում է իրավունքի ուժով, և նշանակվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ: