
Մահացել է Տաջիկստանի ժողովրդական արտիստ, դերասան և ռեժիսոր Մարատ Արիպովը

Կյանքի 84-րդ տարում Դուշանբեում մահացել է Տաջիկստանի ժողովրդական արտիստ, դերասան եւ ռեժիսոր Մարատ Արիպովը: Այդ մասին հայտնել է «Ասիա-պլյուս» գործակալությունը՝ հղում անելով Տաջիկստանի մշակույթի նախարարությանը:
«Կյանքի 84-րդ տարում հոկտեմբերի 29-ին Դուշանբեում երկարատեւ հիվանդությունից հետո կյանքից հեռացել է Տաջիկստանի ժողովրդական արտիստ, կինոդերասան եւ ֆիլմերի ռեժիսոր, տաջիկական կինեմատոգրաֆի հպարտությունը դարձած Մարատ Արիպովը»,-ասված է գործակալության հաղորդագրության մեջ:
Արիպովը ծնվել է 1935 թվականի օգոստոսի 27-ին Դուշանբեում: 21 տարեկան հասակում նա ամենաերիտասարդ վաստակավոր արտիստն է դարձել Տաջիկստանի (այն ժամանակ՝ Տաջիկստանի ԽՍՀ) պատմության մեջ:
Նրան դերասանական փառք բերեց «Բանաստեղծի ճակատագիրը» կինոնկարը, որտեղ նա մարմնավորել է պարսկական եւ տաջիկական գրականության հիմնադիրներից մեկին՝ Ռուդակիին. այդ դերի համար նա 1960 թվականին Մինսկում պարգեւատրվեց 1960 թվականի Համամիութենական կինոփառատոնի դիպլոմով եւ Կահիրեի կինոփառատոնի մրցանակով: Նաեւ ստացել է Միջին Ասիայի եւ Ղազախստանի կինեմատոգրաֆիստների ստուգատեսի «Լավագույն դեբյուտի համար» դիպլոմը՝ «Նիսսո» ֆիլմի բեմադրության համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: