Գյումրիում հաշմանդամ շատ երեխաներ մանկապարտեզ չեն հաճախում

«Կոնտակտ Պլյուս» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը Գյումրի քաղաքում իրականացնում է «Մոնիտորինգ Գյումրի քաղաքի նախադպրոցական ուսումնական հաստատությունների մասնագիտական և տեխնիկական հագեցվածության» ծրագիրը՝ Ա. Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի ֆինանսավորմամբ։

2019 թվականից Շիրակի մարզի դպրոցներն անցնում են դպրոցների համընդհանուր ներառականության: Բայց եթե մարզի շատ դպրոցներ ներառական դառնալու հնարավորություն ունեն, մանկապարտեզներում խնդիրներն ավելի բարդ են:
Գյումրիում հաշմանդամ շատ երեխաներ մանկապարտեզ չեն հաճախում՝ համապատասխան հարմարությունների ու հատուկ մանկավարժների բացակայության պատճառով: Գյումրին ունի համայնքապատկան 22 մանկապարտեզ, սակայն դրանց մեծ մասը զուրկ է կրթության հատուկ խնդիրներ ունեցող երեխաների մանկապարտեզային պրոցեսը կազմակերպելու պայմաններից: Այս պահին Գյումրիում տարբեր մանկապարտեզներ են հաճախում հաշմանդամություն ունեցող մոտ 30 երեխա, սակայն նրանց թիվը շատ ավելին է:

«Մոնիտորինգի շրջանակում կուսումնասիրվի, թե որքանով են մանկապարտեզները պատրաստ ընդունել նման երեխաներին: Խոսքը վերաբերում է ինչպես տեխնիկական կամ շենքային պայմաններին, այնպես էլ մանկավարժական կազմին: Ծրագրի գերնպատակը երեխաների ինտեգրմանը և իրազեկմանը նպաստելն է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, նշեց «Կոնտակտ Պլյուս»-ի տնօրեն Հասմիկ Պետրոսյանը:

Գյումրու մանկապարտեզների գերակշիռ մասը խորհրդային տարիներին կառուցված շինություններ են՝ թեքահարթակներից կամ ներքին հարմարություններից զուրկ, իսկ նորակառույցներում, եթե նույնիսկ դրանք կան, հաճախ չեն համապատասխանում չափորոշիչներին:

Որոշ մանկապարտեզներ հրաժարվում են ընդունել հաշմանդամություն ունեցող երեխաներին՝ հաշվի առնելով այն, որ իրենք պատրաստ չեն իրականացնել այդ երեխաների խնամք ըստ պատշաճի՝ ինչպես շենքային պայմանների, այնպես էլ թիմի՝ կրթության առանձնահատուկ պայմանի կարիք ունեցող երեխայի հետ աշխատելու որակավորման պատճառով:

Ըստ ծրագրի պատասխանատուների, ուսումնասիրությունը կօգնի արձանագրել առկա բոլոր խնդիրները՝ դրանք հետագայում լուծելու նպատակով: Ծրագրի շրջանակում կիրականացվեն նաև հանրային քննարկումներ:

Արմենուհի Մխոյան

Տեսանյութեր

Լրահոս