Հայաստանի Հանրապետության և Արցախի ժողովրդի համաձայնությունը. նաև Սփյուռքի

ԱՄՆ  նախագահի անվտանգության հարցերով խորհրդականի Երեւան կատարած այցի առիթով հնչած տեսակետների մեկնաբանությունները առատ են: Միջազգային անդրադարձը առաւելաբար Իրանի մեկուսացման քաղաքականության ընդհանուր շրջագծում շարունակում է դիտարկել հարցը եւ կարեւորել Բոլթոնի՝ Իրանի սահմանակից երկրներում ամերիկյան գործոնի ազդեցիկության բարձրացումը։

Իրանի մեկուսացման օրակարգը հիմնական առաջադրանքներից լինելով հանդերձ հայտարարություններում կային անշրջանցելի առանցքներ։

Արցախյան հակամարտության հանգուցալուծման պատկերացումը Բոլթոնը կապում էր ՀՀ-ում ստեղծված նոր հանգամանքների հետ եւ հստակեցնում, որ դա պիտի դառնա բանալի՝ հայ-դրբեջանական եւ հայ-թուրքական սահմանների բացման:

Այս հարցով օրինաչափ էր վարչապետի պաշտոնակատար Փաշինյանի արձագանքը`  կարեւոր հավելումով։ Նա վերստին բանաձեւեց պաշտոնական Երեւանի դիրքորոշումը` լուծման որեւէ տարբերակ բացառելով առանց ՀՀ-ի եւ Արցախի ժողովրդների համաձայնության (նաեւ` Արցախի իշխանությունների: Կարեւոր հավելումը այս դեպքում համայն հայ ժողովուրդն է. վարչապետի պաշտոնակատարը հստակեցրեց, թե որովհետեւ խնդիրը համահայկական տարողություն ունի, անհրաժեշտ է ստանալ նաեւ սփիյուռքի համաձայնությունը։

Սփյուռքահայությունը, ի տարբերություն Հայաստանի եւ Արցախի հանրապետություններում ապրող ժողովրդի, կամարտահայտության դրսեւորման առումով այս դեպքում չունի հանրաքվեի կազմակերպման ոչ նախադեպը, ոչ էլ իրաւական իմաստով դա անցկացնելու հնարավորությունը։ Ներկա պահի դրությամբ սփյուռքահայություն հասկացությունում ներառվում են դասական կառույցներն ու համահայկական տվյալ ծրագրի իրականացման համար նկատի առնվող անհատ սփյուռքահայերը, որոնք խորհրդատվական գործառույթներով հրավիրվում են պետության կողմից կազմակերպված խորհրդաժողովներիի։

Սփյուռաքահայության դերակատարության խորհրդատվական բնույթից իրաւական անցումի առաջադրանքը արծարծվեց վարչապետի պաշտոնակատարի՝ Լիբանան այցի առիթով տարբեր ձեւաչափերով կայացած հանդիպումների ընթացքում:

Փաստորեն, նախադեպային կառույցները` «Հայաստան» համահայկական հիմնադրամը, Հայոց ցեղասպանության 100-ամյակի պետական եւ տարածաշրջանային հանձնաժողովները, սփյուռքի նախարարությանն առընթեր գործած մասնագիտական ոլորտների համաժողովները, ըստ էութեան կարեւոր հարթակ լինելով եւ համահայկական օրակարգեր քննարկելով, չունեին իրավական լիազորություն եւ գործառույթ մասնակից լինելու որոշման գործընթացներին: Քննարկման մեկնարկի շրջագծում գտնվող համազգային խորհրդի սահմանումը եւս կենտրոնացել էր սփյուռքահայության գործոնի խորհրդատվական գործառույթների վրա:

Լիբանանյան խորհրդակցությունների ընթացքում արծարծվեց համահայկական օրակարգ ձեւաւորելու եւ դրան առընթեր նախապատրաստվելու ընդգրկուն կառուցակարգի նախագծի կարեւորությունը: Այնպես սակայն, որ դա տեղի չտա նոր խնդիրների, բաժանարարության եւ փոխանակ, թեկուզ սահմանափակ լիազորություններով համախմբվող հարթակները զարգացնելու, չնվազեցնի որոշակի առումով կայացած գործոնի ազդեցիկությունը:

Խոսքը հեռահար կտրվածքով իհարկե վերաբերում է ԱԺ-ի երկպալատ դրությանը: Այդ հնարաւորությունն է, որ սփյուռքահային, իրաւական ասելաձեւով, ՀՀ-ի սահմաններից դուրս ապրող քաղաքացուն է տրվում ոչ միայն առաջադրելու-առաջադրվելու, այլ նաեւ իբրեւ պատգամավոր մաս կազմելու ՀՀ ԱԺ-ի հատուկ պալատում, որը կքննարկի համահայկական տարողություն ունեցող օրակարգեր:

Ուրեմն, նախ ձեւաւորել համահայկական օրակարգը եւ առընթեր պատրաստել նախագիծ` հանգրվանային քայլերով ապահովելու սփյուռքահայության իրաւական լիազորությունները` մասնակից դառնալու համահայկական օրակարգերի քննարկմանն ու որոշմանը:

Անկախ դրանից, որ նման նախապատրաստությունը երկար ճանապարհ է ենթադրում, պետք է նկատել նաեւ, թե երկպալատ դրության հաստատումը միայն կարող է իրականանալ սահմանադրական փոփոխությամբ, իսկ սահմանադրական նման հիմնական փոփոխությունն ինքնին` հանրաքվեով:

Անորոշ բաժինը նաեւ այն է, որ սփյուռաքահայ հասկացությունը պե՞տք է ընկալել ՀՀ սահմաններից դուրս ապրող ՀՀ քաղաքացիներ, թե՞ ընդհանրապես սփյուռքահայ ժողովուրդը, որի ժողովրդային կամարտայայտության կազմակերպումն արդյունքի իրացումը դժվար են պատկերացվում։ Առաջինի դեպքում ավելի հստակ պատկերացում է գոյանում. ՀՀ սահմաններից դուրս ապրող քաղաքացիները դեսպանությունների միջոցով կմասնակցեն հանրաքվեին:

Համենայնդեպս, կարեվորը այն է, որ պաշտոնապես հայտարարվում է, թե Արցախի հարցի լուծման ներկայացվող որեւե տարբերակ անհրաժեշտ է, որ ապահովի ՀՀ ժողովրդի, Արցախի  իշխանությունների եւ ժողովրդի, ինչպես նաեւ սփյուռքահայության համաձայնությունը։

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Տեսանյութեր

Լրահոս