«Դինային այդ պաշտոնը դուր կգա». Թրամփ
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Ֆրանսիայում ԱՄՆ-ի դեսպան Ջեյմի Մաքքորթի թեկնածությունը դիտարկում է ՄԱԿ-ին առընթեր մշտական ներկայացուցչի պաշտոնի համար: Այդ մասին հայտնել է Fox News հեռուստաալիքը՝ հղում անելով երկու աղբյուրի:
Նրա տվյալներով՝ ներկայում առաջատար թեկնածուն մնում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Հեզեր Նաուերթը: Ըստ հեռուստաալիքի տեղեկատվության՝ հոկտեմբերի 29-ին նա Թրամփի հետ հանդիպում է ունեցել Սպիտակ տանը:
Զրույցի թեման չի ճշտվում: Թրամփը Ջեյմի Մաքքորթին Ֆրանսիայում դեսպան է նշանակել 2017 թվականի նոյեմբերին: Ժամանակին նա ավելի քան 410 հազար դոլար է նվիրաբերել Թրամփի ընտրարշավին: Ավելի վաղ Թրամփը նշել էր, որ ներկայում ինքը հինգ թեկնածություն է դիտարկում: Նախագահը չէր հրապարակել նրանց անունները, բայց ասել էր, որ նրանց թվում է իր նախկին խորհրդական Դինա Փաուելը:
«Դինային այդ պաշտոնը դուր կգա»,- նշել էր նա: Թրամփը նաեւ ընդգծել է, որ Գերմանիայում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Գրենելը չի մտնում այդ ցուցակի մեջ, սակայն ինքը պատրաստ է քննարկել նրա թեկնածությունը:
Մինչ այդ Դոնալդ Թրամփի դուստրը՝ Իվանկան, հերքել է ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչի պաշտոնում իր հնարավոր նշանակման վերաբերյալ լուրերը: Համապատասխան հայտարարությունը նա արել է այն բանից հետո, երբ Թրամփը հայտարարեց, որ հարմար է համարում իր դստեր թեկնածությունը մշտական ներկայացուցչի պաշտոնի համար, բայց զգուշանում է, որ նրա նշանակման դեպքում իրեն կմեղադրեն խնամիության մեջ:
Նիկի Հեյլին, որը ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչի պաշտոնն զբաղեցնում Է 2017 թվականի հունվարից, հոկտեմբերի 9-ին հայտարարել է իր պաշտոնաթողության մասին: Նա պաշտոնը կթողնի եկող տարվա հունվարին: Հեյլին այդ պաշտոնում հաստատվել էր այն բանից ընդամենը չորս օր անց, երբ Թրամփը 2017 թվականի հունվարի 20-ին ստանձնեց նախագահի պաշտոնը: Հեյլին ինքը Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ պաշտոնաթող է լինում ոչ անձնական պատճառներով: Իր հետագա պլանների վերաբերյալ նա չի հայտնել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: