«Գագիկ Ծառուկյանն իմ ընկերն է. Խոսակցությունը, թերևս, սխալ է ընկալվել». Վահագն Գևորգյան

«ԲՀԿ-ն քաղաքական կուսակցություն է, ես այդ կուսակցության անդամ չեմ, իսկ որ Ծառուկյանն իմ ընկերն է, չեմ էլ ուզում դա քննարկման առարկա դարձնել. այո, Գագիկ Ծառուկյանն իմ ընկերն է»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանը։

Այսօր Factor.am-ը գրել էր, թե Վահագն Գևորգյանը լքում է Ծառուկյանի ճամբարը։ «Factor.am-ի հարցին՝ կհամագործակցի՞ ՔՊ-ի հետ ընտրությունների ժամանակ, քաղաքապետը պատասխանեց. «Այո, պետք է համագործակցել ՔՊ-ի հետ: Ի շահ մեր համայնքի և պետականության՝ պետք է համագործակցել, ուրիշ տարբերակ չկա: Նույնիսկ դա անհրաժեշտ է, հատկապես՝ կառավարության և մարզային իշխանությունների հետ աշխատելը»»,- գրել էր կայքը։

168.am-ի հետ զրույցում, սակայն, Վահագն Գևորգյանը հստակեցրեց, որ հանգստյան օրերին լրագրողների համար Ծաղկաձորում կազմակերպված սեմինարի ժամանակ իրեն հարցրել են, թե արդյոք  համագործակցո՞ւմ է Կոտայքի ներկայիս մարզպետի հետ, որը «Քաղաքացիական պայմանագրի» (ՔՊ) անդամ է, ինքն էլ պատասխանել է՝ այո, համագործակցում է։ «Այստեղ խոսքը պետական ինստիտուտների համագործակցության մասին է. կապ չունի՝ մարզպետը որ կուսակցության անդամ է, համայնքներն ուղղակի պարտավոր են համագործակցել։ Ընտրությունների մասին խոսք չի եղել, ես ինքս երբևէ որևէ կուսակցության անդամ չեմ եղել, մոտ ապագայում էլ նպատակ չունեմ անդամակցել որևէ կուսակցության։ Խոսքը եղել է պետական մարմինների համագործակցության մասին»,- պարզաբանեց Գևորգյանը։

Գևորգյանը նշեց, որ ՏԻՄ ընտրությունների ժամանակ թե՛ ՀՀԿ-ն, թե ԲՀԿ-ն աջակցել են իրեն, բայց ինքը երբեք որևէ կուսակցության անդամ չի եղել։ Ինչ վերաբերում է կայքի հրապարակման այն հատվածին, թե Գևորգյանը հայտարարել է, որ Կոտայքի մարզը Ծառուկյանի տարածքը չէ, նա հետևյալն ասաց.

Կարդացեք նաև

«Ի՞ նչ է նշանակում՝ Կոտայքի մարզը Ծառուկյանի տարածքն է, անույլատրելի է նման բան ասել։ Ծառուկյանը Կոտայքի մարզի բնակիչ է, և նրա ուշադրության կենտրոնում է եղել թե՛ Կոտայքի մարզը, թե՛ Աբովյան քաղաքը, նա մշտապես աջակցել է մեր քաղաքացիներին։ Էլի եմ կրկնում, որ Կոտայքի մարզը Ծառուկյանի տարածքը չէ։ Գագիկ Ծառուկյանն իմ ավագն ընկերն է, իմ բարեկամն է»։

Կայքը գրել էր, որ հարցին, թե արտահերթ ընտրությունների ժամանակ և՞ս պատրաստվում է սատարել ԲՀԿ-ին, Գևորգյանը պատասխանել է, որ, երբ նախընտրական ծրագրերը ներկայացնեն՝ կորոշի։

168.am-ի հետ զրույցում Գևորգյանն ասաց, որ դեռ պարզ չէ, թե որ քաղաքական ուժերը հայտ կներկայացնեն ընտրապայքարին մասնակցության, իսկ իրեն հարցրել են՝ ԲՀԿ-ին կպաշտպանե՞ս, թե՞ ոչ, ինքն էլ պատասխանել է, որ, երբ քաղաքական ուժերը ներկայացնեն իրենց ծրագրերը, այն ժամանակ էլ հարցին կպատասխանի. «Սխա՞լ եմ ասել. ես անկուսակցական եմ»։

Աբովյանի քաղաքապետը վերջում հավելեց, որ իրենց խոսակցությունը կայքի լրագրողի կողմից «թերևս սխալ է ընկալվել»։

Տեսանյութեր

Լրահոս