Բաժիններ՝

«Ուրախ եմ, որ դրական առաջընթաց եմ նկատում ձեր երկրում»

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի 85-ամյակի կապակցությամբ Հայաստանում էր Միլանի ազգային գրադարանի երաժշտական ֆոնդի ղեկավար Մասսիմո Ջենտիլի Տեդեսկին: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նա նշեց, որ գրադարանային գործի զարգացման համար հատկապես նշանակալի են ամուր կապերը միջազգային տարբեր կազմակերպությունների հետ:

Տեդեսկին ասաց, որ առաջին անգամը չէ Երևանում և որոշ բաներ գիտի այստեղի գրադարանների կատարած աշխատանքի մասին: «Եթե անդրադառնամ Խնկո Ապոր անվան գրադարանին, պետք է փաստեմ, որ այն շատ ակտիվ է աշխատում: Գրադարանի հոբելյանի շրջանակում իրականացվող միջոցառումների ընթացքում այստեղ հանդիպում եմ արտերկրից Հայաստան ժամանած հետաքրքիր հյուրերի: Փաստն այն է, որ գրադարանը պահում է և ամրացնում կապը եվրոպական և այլ երկրների հետ: Այդ կապերը չափազանց կարևոր են գրադարանային գործի զարգացման համար»,-շեշտեց ֆոնդի ղեկավարը:

Նրա խոսքով` տարբեր երկրներում գրադարանային գործով զբաղվող մարդկանց հետ կապերը, համագործակցությունները հնարավորություն են տալիս ծանոթանալ նրանց կիրառած մեթոդներին, թե’ տեխնիկական, թե’ վարած քաղաքականության վերաբերյալ:

Տեդեսկին շեշտեց, որ իր փորձառությունը հիմնականում տեխնիկական է, բայց ամեն գրադարանավար պետք է չափազանց պրոֆեսիոնալ լինի, քանի որ գործ ունի տարբեր սեռի, տարիքի, տարբեր արժեհամակարգի մարդկանց հետ:

«Մեզանից յուրաքանչյուրն ունի իր բաժանորդները, որոնք երեխաներ են, մեծահասականեր, երիտասարդներ, տարբեր մասնագիտություններ ունեցող ընթերցասերներ: Ըստ իս`կարևոր է ոչ միայն նրանց հետ հաղորդակցման հմտություններին տիրապետելը, այլև հստակ իմանալ այն տեխնիկաները, մեթոդները և միջոցները, որոնց օգնությամբ հնարավոր է գրավել բաժանորդներին»,-ընդգծեց Մասսիմո Տեդեսկին:

Երաժշտական ֆոնդի ղեկավարը խոստովանեց, որ շատ է սիրում Հայաստանն ու լավագույնը մաղթում նրան:

«Ուրախ եմ, որ դրական առաջընթաց եմ նկատում ձեր երկրում: Հիմա ամեն բան ավելի արագ է զարգանում, իսկ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը հրաշալի է: Այն տարբեր միջազգային կազմակերպությունների մաս է կազմում և հեշտությամբ ընդգրկվում տարբեր ծրագրերում»,-եզրափակեց Մասսիմո Ջենտիլի Տեդեսկին:

Անժելա Համբարձումյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս