
Ձմռանը մեծանում է սրտի նոպայի առաջացման վտանգը. գիտնականներ

Ցածր ջերմաստիճանը մեծացնում է սրտի նոպայի առաջացման հնարավոր վտանգը: Այս մասին է վկայում շվեդ գիտնականների հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են JAMA Cardiolgy հանդեսում։
Մասնագետները վերլուծել են Շվեդիայի 274 հազար քաղաքացիների տվյալները, որոնց մոտ 1998-2013 թվականներին ախտորոշել են սրտամկանի ինֆարկտ: Նրանց տարիքը կազմել է 50-ից մինչեւ 89 տարեկան: Պարզվել է, որ ըստ Ցելսիուսի զրոյից ցած ջերմաստիճանի դեպքում սրտի նոպայի հավանականությունը տասը տոկոսով աճել է: Գիտնականները տվյալները զուգադրել են օդի աղտոտվածության ցուցանիշների հետ, բայց պարզվել է, որ վճռորոշ նշանակություն ունի ցուրտը:
Ըստ որում ջերմաստիճանը մինչեւ 2 – 4 աստիճան բարձրանալիս ինֆարկտներն ավելի հազվադեպ են տեղի ունեցել: Ստացված արդյունքները բացատրել են նրանով, որ ձմռանը դրսում անոթները նեղանում են, ուստի սիրտն ավելի քիչ թթվածին է ստանում: Վտանգի գոտում են հայտնվում նաեւ նրանք, ովքեր մրսում են ու հիվանդանում: